Մատչելիության հղումներ

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանին


Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրված է մեր լավագույն կոմպոզիտորներից Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

Նշենք նաև, որ փառատոնը ոչ միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների չափազանց ուշագրավ ծրագիր է ներկայացնում, այլ նաև լուրջ երաժշտագիտական գործունեություն է ծավալում. ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ։ Փառատոնի ընթացքում առաջին անգամ ավելի քան 150 ստեղծագործություն է կատարվել։

Այս տարի կթվայնացվեն նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները, ինչը հնարավորություն կտա հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

«Մենք պետք է կարողանանք շատ կարևոր մարդկանց երաժշտությունը հնչեցնելով՝ հիշենք, որ ներկայացնում ենք նաև ժամանակակից տաղանդավոր մարդկանց երաժշտությունը։ Մենք Հայաստան ենք հրավիրել հայտնի մենակատար, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր Ռոան Սիմովիչին, որ կատարի Ալեքսանդր Հարությունյանի ջութակի կոնցերտը։ Այսինքն, փառատոնի ֆորմատը մեր՝ Հայաստանի հարստությունն է, բայց պետք է կարողանանք ինչ-ինչ մեթոդաբանությամբ դա ներկայացնել աշխարհին», - ասաց փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի արդեն 11-րդ փառատոնը կմեկնարկի վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու մենակատարների մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

Փառատոնի բացման համերգի ծրագրում ՝ Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններն են։ Կհնչեն շեփորի, ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտները և նրա հանրահայտ « Հայրենիք» խորագրով կանտատը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 91-ամյա Հովհաննես Չեքիջյանը, անդրադառնալով Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությանը, շեշտեց, որ այն 20-րդ դարի հայ կոմպոզիտորական մտքի լավագույն արգասիք է. - «Մեծ ոգևորությամբ մենք պիտի սկսենք համերգներով մեծարել իրեն։ Նա բացառիկ հայ կոմպոզիտորներից է, որ ստեղծել է կլասիկ երաժշտություն հայկական մոտիվներով։ Նա ինքը եղել է ոգևորված հայկական երաժշտությամբ, և իր ստեղծագործությունները շատ են կատարվել։ Մենք էլ ենք իր կենդանության ժամանակ շատ կատարել։ Իսկ հիմա մեծ հարգանքով, մեծ պատասխանատվությամբ սկսում ենք, որպեսզի կարողանանք իր հիշատակը հավերժացնել»։

Ուշագրավ է, որ տարիներ շարունակ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներգրավել է տարբեր տարիքի և տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների։ Այս տարի էլ փառատոնային համերգների ընթացքում, բացի Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից, կհնչեն նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Փառատոնի եզրափակիչ համերգին ՝փետրվարի 25-ին կհնչեն Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները։ Կոմպոզիտորը համոզված է , որ այս փառատոնը շատ կարևոր դեր է խաղում մեր երաժշտական կյանքում. - «Որովհետև մեր ազգային երաժշտության մեջ կարևորագույն մաս կազմող սիմֆոնիկ երաժշտությունը հանդիսանում է մեր հայ երաժշտարվեստի կարևոր բաղկացուցիչ մասը, որով նաև հնարավորություն կա երևան գալու միջազգային հարթակներում, ինչը մեր պետական սիմֆոնիկ նվագախումբը սիրով կատարում է։ Ինչ վերաբերվում է այս տարվա փառատոնին, պետք է ասեմ, որ յուրահատուկ է, որովհետև Ալեքսանդր Հարությունյանը մեր այն կոմպոզիտորներից է, որը հսկայական դեր և ազդեցություն թողեց մեր սիմֆոնիկ երաժշտության մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG