Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը, ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը։
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։ - «Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ըստ նախնական համաձայնության, ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ մաքսային ստուգման չեն ենթարկել 2020թ. փետրվարի 6-ին վաղ առավոտյան Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած բեռնատարը։ Ընդհակառակը՝ հանցավոր նպատակն իրագործելիս խոչընդոտները վերացնելու համար՝ մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որը 200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների և մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, ինչի արդյունքում խմբի անդամները պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ բեռնատարի վարորդին թույլատրել են առանց բեռի մաքսազերծման հեռանալ մաքսատան տարածքից՝ դրանով իսկ հեղինակազրկելով պետական կառույցը, խաթարելով դրա բնականոն գործունեությունը և էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից, ընդ որում՝ մաքսավորներից մեկը խոստովանել է հանցագործության կատարումը»:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է: «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց կողմից կատարված արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում։
Բավրայի մաքսակետում բացահայտված առերևույթ մաքսանենգության խոշոր դեպքին երեկ կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ներկրելու ապրանքներ՝ առանց որևէ մաքսային ձևակերպման։ <…> Ես զարմանում եմ այդ մարդկանց և նրանց տրամաբանության վրա, որովհետև տպավորություն է, թե այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հեռուստացույց չեն դիտում, սոցիալական ցանցերին չեն հետևում, լուրերին ընդհանրապես չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան՝ այդ մարդիկ ուղղակի չարաչար սխալվում են: Եվ ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից, և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի: Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ՝ կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները», - մասնավորապես հայտարարել է պետության ղեկավարը։