Երևանում այսօր առավոտյան ծառին է բախվել 99 համարի երթուղայինը։ Գազելի վարորդը և ուղևորներից 6-ը վիրավորվել ու տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ։
«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ, թունաբան Արթուր Շուշանյանն «Ազատությանն» ասաց, որ 59-ամյա վարորդը երեկոյան տնական օղի էր խմել. - «Արտաշնչած օդի մեջ 0.091 միլիգրամ լիտր է եղել: Դա նշանակում է, վարորդին ես հարցրի, որ անմիջական այդ ժամանակ չի օգտագործել ալկոհոլը, հնարավոր է, որ գիշերն էլ օգտագործած լիներ, ու այդ ցուցանիշը լիներ: Վարորդի խոսքերի համաձայն՝ տնական օղի է օգտագործել գիշերը»:
Մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ տեղափոխված 6 ուղևորներն, ըստ բժիշկների, առաջին բուժօգնություն ստանալուց մի քանի ժամ հետո դուրս են գրվել։ Միայն 25-ամյա երիտասարդի մոտ է ուղեղի ցնցում գրանցվել, նա էլ որոշել է մնալ տեղամասային բժշկի հսկողության տակ:
«Ճիշտ է՝ կատե քննությամբ ոչ մի ոսկրատրավմատիկ, արյունազեղումներ չեն հայտնաբերվել, բայց նշում էր սրտխառնոց, իր մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում», - հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի հիվանդների առաջնակի զնմամբ զբաղվով բժիշկ Տիգրան Սարգսյանը:
«Աստղիկ» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայությունների ղեկավար Մանուկ Յազչյանն էլ մանրամասնեց. - «Ունեցել ենք պատռված վերքեր, ունեցել ենք մարմնի տարբեր հատվածների սալջարդեր, ցավազրկվել են առաջնային և մոտ 3 ժամից ավելի գտնվել են մեզ մոտ հսկողության տակ: Առաջարկվել է ստացիոնար հսկողություն բոլոր պացիենտներին, սակայն հրաժարվել են, և ճանապարհել ենք տուն»:
Ոստիկանության տուգանային հրապարակ տարված «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի դիմացի ու կողային հատվածները լուրջ վնասված էին, նստարանները՝ տեղից պոկված, ապակիները՝ կոտրված։ Կզրկվի արդյո՞ք վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում ղեկին նստած վարորդը, ոստիկանությունից ասացին՝ պարզ կլինի քննությունից հետո։
Ի դեպ, տարիներ առաջ «Հետք» պարբերականը գրել էր, որ 99 համարի երթուղին գրանցված է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու ընկերոջ՝ Վահագն Խաչատրյանի հաշվառման հասցեում: Ըստ «Հետքի»՝ նույն հասցեում է գրանցված նաև Վահագն Խաչատրյանին պատկանող «Գրիգորյաններ Տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որը սպասարկում է Երևանի թիվ 44, 62 միկրոավտոբուսային երթուղիները նույնպես:
Մասնավոր այս երթուղայինները պայմանագիր են կնքում քաղաքապետարանի հետ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանն» ասաց, որ վարորդը խախտել է պայմանագրի կետերից մեկը։ Ըստ սահմանված կարգի՝ առավոտյան մինչև ղեկին նստելը վարորդը պետք է ներկայանա դիսպետչերական կետ, ստանա ուղեգիր, անցնի նաև համապատասխան զննություն։
«Վարորդ Ադամյանը, հայտնի է, որ առավոտյան դիսպետչերական կետ չի ներկայացել և այդ զննությունը չի անցել և ուղեգիր ընդհանրապես չի ստացել: Սրա հետևանքներն էլ արդեն վարորդի և իր գործատուի իրավահարաբերությունների դաշտում են», - նշեց Կարապետյանը:
Ըստ պայմանագրի՝ եթե վարորդն առանց դիսպետչերական կետ ներկայանալու շրջապտույտ է կատարում իր երթուղով, ապա քաղաքապետարանը երթուղին շահագործող ընկերությանը տուգանում է ընդամենը 1000 դրամով՝ յուրաքանչյուր չգրանցված շրջապտույտի համար: Քաղաքապետարանում թեև ընդունում են, որ այս թվերը զավեշտալի են, բայց չեն պատրաստվում այն ավելի խստացնել, որովհետև նախատեսում են մինչև տարեվերջ Երևանի երթուղային ցանցը 100 նոր ավտոբուսով համալրել:
Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն «Ազատությանը» փոխանցել էր՝ տրանսպորտային նոր ցանցի ներդրումը նախատեսվում է ավարտել 2021 թվականին։ Ըստ քաղաքային իշխանության՝ նոր ցանցը ենթադրում է հիմնարար փոփոխություններ՝ երթուղիների, կանգառների, կայանատեղիների վերանայում։