5֊ամյա Ջուլիանան հաղթահարել է քաղցկեղը։ Սուր լիմֆոպլաստային լեյկոզ էր, հիվանդությունը բացահայտվել է մեկ տարի առաջ, հիմա ռեմիսիայի շրջանում է։
Մայրիկ Շաքեն դժվարությամբ է բառեր գտնում՝ պատմելու, թե ինչի միջով են անցել. - «Մաշկի վրա կապույտ տեղեր կային, գունատությունը երեխայի, թուլությունը... Բժիշկները որ անալիզը տեսան, ասեցին, որ պիտի հոսպիտալացվի երեխան։ Շնորհիվ բժիշկների մենք հաղթահարեցինք»։
Ջուլիանան հիմա ակտիվ խաղում է, երգում է։ Փոքրիկը երգում է, իսկ մայրիկը զսպում է արցունքները։ Հենց այսպես երգել-պարելով են հիվանդանոցում պայքարել քաղցկեղի դեմ. - «Սենյակի դուռը փակել եմ, երաժշտություն միացրել, երգել, իր հետ պարել եմ։ Պարել ենք, երգել ենք իրար հետ, մարզանք ենք արել։ Ինչքան երեխայի տրամադրությունը բարձր լինի, էդքան շուտ երեխան կկազդուրվի»։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը 1,6 անգամ աճել է։ 2019-ի տվյալները դեռ ամփոփված չեն, բայց 2018-ին արձանագրվել է չարորակ նորագոյացությունների 8441 դեպք։
Ուշագրավ է, սակայն, որ երեխաների շրջանում վերջին 15 տարիների ընթացքում կա դրական շարժ. տարեկան 100-ի փոխարեն 70 դեպք։
Վերջին տարիներին հատկապես սոցիալական ցանցերի միջոցով տարբեր մարդասերներ, բարերարներ հանգանակություններ սկսեցին կազմակերպել։ Ու քիչ չեն դեպքերը, որ հենց այդ գումարով մարդիկ բուժվել են թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։
Ջուլիանայի մայրը՝ Շաքեն պատմեց, որ սկզբում իրենք էլ Միացյալ Նահանգներ կամ Գերմանիա գնալու նպատակ են ունեցել, սակայն, ընթացքում հասկացել են, որ Հայաստանում էլ խնդիրը լուծելի է. - «Ոչ մեկին աչքաթող չեն անում։ Նույնիսկ դեղորայքը մենք ամբողջ «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհիվ ստացել ենք անվճար»։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ընդունում են, որ քաղցկեղի խնդիրը հրատապ լուծում պահանջող մարտահրավերներից է: Նրանք ընդգծում են, որ թվերը մտահոգիչ են, հատկապես, որ Հայաստանը աշխարհում առաջին հորիզոնականներում է քաղցկեղից մահացության ցուցանիշով։
Ըստ Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի, պատճառը հիմնականում բժշկին ուշ դիմելն է. - «Նույն թոքի քաղցկեղը, նույն կոլոռեկտակ քաղցկեղը հայտնաբերում ենք 56-65 տոկոս դեպքերում չորրորդ փուլում։ Բնականաբար, 5 տարվա ապրելիության ցուցանիշները մեր մոտ շատ կարճ են»։
Քաղցկեղը դատավճիռ չէ, մի վախեցեք, դիմեք բժշկի. հորդորում, պահանջում են առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Հիշեցնում են, որ անցած տարվանից ուռուցքային վիրահատությունների ծախսերը պետությունը վերցրեց իր վրա։ Այս տարի նախատեսվում է 25 տեսակի ուռուցքաբանական դեղեր ձեռք բերել, որոնք անվճար կտրամադրվեն հիվանդներին։
«Քայլեր արվում են, բայց ոչ լիարժեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղցկեղին բախված հարյուրավոր մարդկանց օգնության ձեռք մեկնող, մարդասիրական նախաձեռնության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը: Նա ևս հիվանդությունը հաղթահարողներից մեկն է ու այսօր էլ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական մեծ աջակցություն է ցուցաբերում այս խնդրով ապրողներին։
Նրա պնդմամբ, եթե մանկահասակ երեխաների հիմանդրամները շատ կյանքեր են փրկում, հաճախ լուսանցքում են հայտնվում 17-ից բարձր հիվանդները. - «Չկա որևէ լուրջ հիմնադրամ, չկա որևէ հարթակ որը կկարողանա օգտակար լինել։ Ես մեծ հույս ունեմ, որ այս առումով նույնպես պետությունը մեծ ուշադրություն կդարձնի»։
Ի դեպ, ասենք, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամից «Ազատությանը» տեղեկացրին, որ ամբողջությամբ հոգում են քաղցկեղ և արյան չարորակ հիվանդություններ ունեցող երեխաների և 25 տարեկան երիտասարդների բուժման բոլորը ծախսերը։