Մատչելիության հղումներ

Արցախցի գրողի «Կամավորի օրագիր» պատմվածաշարն արժանացել է ՀԳՄ մրցանակի


Արցախցի գրող Վան Նովիկով
Արցախցի գրող Վան Նովիկով

Արցախցի, ապրիլյան պատերազմի մասնակից, մասնագիտությամբ պատմաբան, գրող, հրապարակախոս, ազգությամբ ռուս, բայց հայերեն ստեղծագործող Վան Նովիկովն օրերս Երևանում էր։

Գրողների միությունում Բանակի տոնի առիթով մրցանակի արժանացավ արձակի անվանակարգում՝ «Կամավորի օրագիր» պատմվածաշարի համար։

«Ազատության» հետ զրույցում Նովիկովն իր մասին պատմեց հետևյալը. - «Ես պատմաբան մանկավարժ եմ, բայց զբաղվում եմ լրագրությամբ Արցախում, աշխատում են Հանրային ռադիոյում և թղթակցում տարբեր թերթերի։ Նաև գրական-գեղարվեստական այսպիսի գործունեություն եմ ծավալում»։

Վան Նովիկովը ապրիլյան պատերազմի օրերին որպես կամավոր եղել է դիրքերում. - «Ճիշտն ասած դիրքերից վերադառնալուց հետո երկար ժամանակ չէի կարողանում ստեղծագործել։ Իմ խմբագիրը ինձ խորհուրդ տվեց շարք պատրաստել այդ մարտական հերթապահության և դիրքերում իմ տեսածի, լսածի մասին։ Սկզբում կասկածելով, բայց գրեցի զուտ իմ աշխատանքը կատարելու համար։ Հետագայում պարզվեց, որ հաջողված գործ է։ «Դիրքերում». այսպես էր սկզբնապես կոչվում այդ շարքը, հետո վերանվանվեց «Կամավորի օրագիր»։ Հաջողված շարք էր, որովհետև տպագրվելուց հետո այն բուռն արձագանքների, դրական արձագանքների արժանացավ։ Իհարկե, ոգևորիչ էր այդ ամենը։ Հետագայում, երբ պատերազմի, զինվորական թեմաների մասին առաջարկեցին գրվածք ներկայացնել, փորձեցի դա ներկայացնել, որովհետև սրտամոտ էր, և նաև գրվել էր ականատեսի աչքերով։ Ընդհանուր առմամբ, իրականությունն է վերարտադրված, գեղարվեստական միջամտությունը շատ քիչ է»։

«Կամավորի օրագիրը» բաղկացած է երկու մասից և առաջին անգամ հրապարակվել է «Անդին» ամսագրում։ Այն ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդ գրողի հայացքն է, մտորումները կյանքի ու մահվան, պատերազմի և խաղաղության մասին։

Նովիկովն ասաց, որ 90-ականներին հրատարակած իր առաջին գիրքը նույնպես պատերազմի թեմաներով է. - «Հետագայում մեզ շատ ժամանակ ասում էին, որ արցախյան խաղաղ իրականությունը քիչ եք պատկերում երիտասարդներդ, կուզեինք տեսնել երիտասարդների գործունեությունը կենսակերպը ինչպիսին է։ Երբ արդեն սկսեցի այդ թեմայի շուրջ մտածել, թե ինչ կարելի է անել, սկսվեց ապրիլյան պատերազմը։ Նորից վերադարձա պատերազմի թեմային»։

Վերջում մի քանի մեջբերում «Կամավորի օրագիր» գրքից.

Նույնիսկ ամառվա տապը կսարսռա ապրիլյան ցրտի վերհուշից։

Նրանք փորձել էին սպանել մահը՝ փշալարերով, բահերով, բռունցքով ու վերջին նռնակով։ Սարսափահար ու խուճապահար մահը Նրանց էլ իր հետ տարավ....

Ոչ ոք, բացի Նրանցից, չի իմանա՝ դաշույնի շեղբն էր առավել սառը, թե՝ ապրիլյան գլխատող ցուրտը։ Պահածոների տուփերը, ժանգից փտած փշալարը, մաշված անվադողերն ու դատարկ պահեստատուփերն էին մեղավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG