Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գրեթե 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել այդ երկրին Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո: Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանից պահանջել էին 120.000 եվրո։ Այս բողոքում Հայաստանի կառավարությունը ճանաչվել է որպես երրորդ կողմ։
Մանվել Սարիբեկյանի մայրը՝ Սիրանույշ Բալյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ փաստաբանից է տեղեկացել որոշման մասին, և այն, որ իրենք տարիներ շարունակ պնդում էին, որ որդին ինքնասպանություն չի գործել, հաստատվում է. - «Ես Կարմիրում եմ, նոր եկա, ամուսինս ասաց, որ հաղորդեցին, համ էլ փաստաբանը զանգել էր, ասել, որ այսօր վերջին կետն է, կհրապարակեն: Դա լրիվ սուտ է, իրենք են սպանել»:
Ստրասբուրգի դատարանի պաշտոնական կայքէջում տեղադրված որոշման համաձայն՝ Ադրբեջանը խախտել է Սարիբեկյանի կյանքի իրավունքը։ Եվրոպական դատարանը փաստում է, որ ադրբեջանական կողմում հայտնվելուց հետո Գեղարքունիքի Թթուջուր գյուղի բնակիչը մահացել է բռնության հետևանքով։ Եվ որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նա կախվել է, ընդունելի չեն։ Այսպիսով, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Մանվել Սարիբեկյանի մահվան համար։
9 տարի առաջ Սարիբեկյանների բողոքը կազմել և Ստրասբուրգի դատարան են ուղարկել փաստաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը։
Զեյնալյանն ասում է՝ կարևորն այն է, որ Ստրասբուրգի դատարանը ճանաչել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։ Եվ որ այսօրվա որոշումը կանխարգելիչ քայլ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
«Եվրոպական դատարանը ճանաչել է կյանքի իրավունքի խախտումը երկու ասպեկտով. նախ, որ կյանքի նյութաիրավական ասպեկտն է խախտվել և երկրորդ՝ այդ խախտման կապակցությամբ Ադրբեջանը չի իրականացրել արդյունավետ քննություն, իրավական պաշտպանության միջոց չի ապահովել այն դեպքում, երբ որ կոնվենցիայով պարտավորված է ապահովել այս միջոցը։ Այսինքն՝ կյանքի իրավունքի մասով երկու խախտում է արձանագրված, նաև խախտում է արձանագրված երրորդ հոդվածով և անհրաժեշտություն չի գտել քննարկել առանձին՝ որպես արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքի հարցը, որովհետև դա կլանված է եղել արդեն կյանքի իրավունքի ընթացակարգային նորմի խախտման ճանաչման մեջ», - ասաց Զեյնալյանը։
ՄԻԵԴ-ի այսօրվա որոշումն ուժի մեջ կմտի երեք ամիս անց։ Մինչ այս Ադրբեջանը այն կարող է բողոքարկել Մեծ պալատ։
«Մենք կսպասենք, այն կմտնի ուժի մեջ և նաև ձեռնամուխ կլինենք դրա կատարման գործընթացին», - նշեց փաստաբանը։
20-ամյա Մանվել Սարբեկյանը Ադրբեջանում ձերբակալվել էր 2010-ի սեպտեմբերին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»:
Երիտասարդի ընտանիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հղած դիմումում հայտնել է, որ Սարիբեկյանը սխալմամբ հատել է սահմանը մառախուղի պայմաններում, երբ փայտ և կորած անասուններին է փնտրելիս եղել, սակայն Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են մոտակա ադրբեջանական գյուղի դպրոցը պայթեցնելու ծրագրում ներգրավված լինելու մեջ: Նրան տարել են Բաքվում ռազմական ոստիկանության բաժին և պահել խցում, որտեղ էլ նա մահացած է հայտնաբերվել 2010 թվականի հոկտեմբերին: Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ նա կախվել է:
Հայաստանում դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ նա վնասվածքներ է ունեցել վզին, գլխին և մարմնի այլ հատվածներին: Հայաստանի գլխավոր դատախազը իրավական օգնություն է խնդրել Ադրբեջանից, բայց Հայաստանի իշխանությունները պատասխան չեն ստացել: Ադրբեջանում իրականացված հետաքննությունը գտել է, որ Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրան պահել են պատշաճ պայմաններում և նա ձերբակալության ընթացքում բռնության չի ենթարկվել:
Երիտասարդի մարմնի վրա խոշտանգման հետքեր հայտնաբերելուց հետո Հայաստանի ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով:
Արտակ Զեյնալյանն ասում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը պետք է քննություն կատարի՝ Հայաստանի քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու համար։
«Մենք այստեղ մեր հետաքննություն էինք արել և բավականին փաստարկված՝ Սարիբեկյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են, այլ վայրում այլ պարանով կախել, այնուհետև տեղափոխել խուց և ձևացրել, թե ինքնասպանություն է տեղի ունեցել։ Այստեղ շատ հարցեր են բարձրանում, բարձրանում են դատաբժշկական փորձաքննությունների հակասությունների հարցեր և այստեղ բնականաբար պետք է իրականացվի ամբողջ ծավալով քննություն՝ նաև բավարարող Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին», - նշեց Զեյնալյանը։
Իր դիրքորոշման մեջ Ստրասբուրգի դատարանը գրում է, որ հատկապես կոնֆլիկտային շրջաններում կողմերը պետք է պահպանեն մարդասիրական միջազգային իրավունքը։ Միևնույն ժամանակը դատարանը գրում է, որ ադրբեջանական կողմն այդպես էլ չի մեկնաբանել հայկական կողմի այն եզրահանգումը, որ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր:
Ստրասբուրգի դատարանն անդրադառնում է նաև ադրբեջանական իշխանությունների Հայաստանին մահվան գործի նյութերը չտրամադրելու հարցին։ Հայաստանի գլխավոր դատախազության գրավոր հարցմանը Ադրբեջանի դատախազությունը թողել էր անպատասխան։ Այս մերժումը վկայում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասին, գրված է ՄԻԵԴ-ի որոշման մեջ։