Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայությունը պայքարում է Սանասարյան տունը համայնքին վերադարձնելու համար


Թուրքիայի հայությունը պայքարում է Ստամբուլի Սիրքեջի կայարանի մոտ գտնվող հայկական պատմական Սանասարյան տունը համայնքին վերադարձնելու համար: Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը նախօրեին Սանասարյանի շենքը 35 տարվա վարձակալության հանձնելու մրցույթ էր կազմակերպել:

Հաղթած կազմակերպությունը նախատեսում է շենքը վերանորոգել և վերածել բարձրակարգ հյուրանոցի: Շենքի փաստացի սեփականատեր Պոլսո Հայոց պատրիարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն առարկում է՝ շենքը վերադարձնելու համար դատական գործընթացը դեռ չի հանգուցալուծվել, և այս փուլում այն շահագործման հանձնելը անօրինական է:

«Սանասարյան հանի» սեփականության իրավունքի հարցն արձագանգ է գտել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադիմում է հղել մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ պարզաբանում պահանջելով, թե ինչու հայ համայնքին պատկանող գույքը տասնամյակներ շարունակ չի վերադարձվում իրական տերերին:

Փայլանի կուսակից, Մարդին նահանգից պատգամավոր, ազգությամբ ասորի Թումա Չելիքը ևս անդրադարձել է հայկական պատմական կառույցի ճակատագրին: Նա պահանջել է, որպեսզի շենքի շահագործումը ստանձնած ընկերությունը հրաժարվի իր ծրագրերից և մասնակից չդառնա անարդարությանը: Պատգամավորը թուրքական խորհրդարանին կոչ է արել իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և իրավական կարգավորումներով լուծել ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների առաջ ծառացած գույքային բազմամյա խնդիրները:

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ անընդունելի է համարում մինչև դատական գործընթացի ավարտը Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից շենքը վարձակալության տալու որոշումը: Պատրիարքարանը մտադիր է հետևողականորեն շարունակել պայքարը իր գույքը վերադարձնելու համար:

Պատմական «Սանասարյան հանը» կառուցվել է 1895 թվականին ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից էրզրումցի հայ մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի մեկենասությամբ հայ երեխաների կրթական կարիքների համար: Շենքը հետագայում հանձնվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի տնօրինմանը, սակայն 1930-ականներին բռնագրավվել է թուրքական իշխանությունների կողմից: Երկար տարիներ Սանասարյան տունը օգտագործվել է որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք, իսկ ռազմական հեղաշրջումների ժամանակ հայտնի էր որպես «տանջանքների վայր», որտեղ պահում էին հեղափոխականներին:

2014 թվականին Պոլսո Հայոց պատրիարքարանը համայնքապատկան գույքը վերադարձնելու համար իրավական գործընթաց սկսեց: Սակայն առաջին ատյանի քաղաքացիական դատարանը գործը չէր ընդունել, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր Վճռաբեկ դատարան: 2017-ին դատարանը Սանասարյանի շենքը համայնքային գույք էր ճանաչել, սակայն անցած տարվա փետրվարին Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով դատական որոշումը կրկին բեկանվել էր, և շենքի սեփականության իրավունքը փոխանցվել էր վարչությանը: Պատրիարքարանի շահերը ներկայացուցիչը դիմել էր Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով այս որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG