Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. Քառօրյա պատերազմի ժամանակ բանակն իր առջև դրված խնդիրները լուծել է


«2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բանակն իր առջև դրված խնդիրները լուծել է», - այսօր Ազգային ժողովի քնննիչ հանձնաժողովի հարցերին ավելի քան երեք ու կես ժամ պատասխանելուց հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ մինևնույն ժամանակ ընդգծելով, որ բացթողնումներ եղել են։

«Իմ եզրահանգումները, իմ տպավորությունները չեն փոխվել։ Բանակը իր առջև դրված խնդիրը կատարել է, և դեռ ավելին՝ մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում կարողացել են հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցնեն»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ դեռ իր պաշտոնավարման ժամանակ վերլուծություններ են կատարել մի քանի հարթություններում. ռազմաքաղաքական առումով այն ժամանակ դեռ եզրահանգման էին եկել, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերի ղեկավարությունը և բոլոր օղակները ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական իրավիճակին անցնելուն, Զինված ուժերի հրամանատարական կազմը իր պարտականությունները իմացել է և իրականացրել։

Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում վառելիքաքսուքային նյութերի որևէ խնդիր չեն ունեցել։

Ամեն դեպքում, 2016 -ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանն ընդունեց, որ թերություններ եղել են. - «Եղել են տարբեր նաև բացթողումներ, և տարբեր թերություններ։ Ասացեք տեսնեմ մի մարդու, որը որ աշխատելու ընթացքում սխալներ թույլ չի տալիս։ Երկարատև իմ աշխատանքի ընթացքում Պաշտպանության նախարարությունում ես միշտ այսպես եմ ասել՝ սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն։ Ճակատագրական սխալներ չեն եղել։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովի հետ մենք բաց, ջերմ, ընկերական մթնոլորտում քննարկումներ կատարեցինք, և այդ քննարկումների արդյունքում հանձնաժողովը իր եզրակացությունները կանի»։

«Ազատության» հարցին, թե արդյոք կան բացթողումներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում, Օհանյանն արձագանքեց. - «Ժամանակին բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ղեկավարությունը որոշումներ ընդունել են և համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացնել՝ տույժեր, պաշտոններից ազատել։ Ինչ վերաբերում է այլ խնդիրներին, կարծում եմ, որ հանձնաժողովը ինքը պետք է որոշի, ես ուղղություն չեմ կարող տալ հանձնաժողովին»։

Անդրադառնալով քառօրյա պատերազմի վերաբերյալ դավադրության տեսություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե խոսվում է այդ մասին, ապա չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանականն է։ Օհանյանը շեշտեց, որ իր համար մութ կամ չբացահայտված դրվագներ չկան։ Նա իր ունեցած բոլոր տեղեկությունները այսօր փոխանցել է հանձնաժողովին, այնպես որ վերջինս կանի իր եզրահանգումները։

Ի դեպ, Օհանյանին հիշեցրինք, որ դեռևս անցած տարի ինքը սուր քննադատել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը։ Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ իր համոզմունքը չի փոխել, բայց քանի որ հանձնաժողովը ստեղծվել է, պետք է աջացել դրա աշխատանքներին. - «Մենք զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի։ Ես իհարկե այդ հանձնաժողովը չէի կազմի, կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Բայց քանի որ ստեղծվել է, մեր պետական կառույցում է ստեղծվել՝ Ազգային ժողովում է ստեղծվել, հանձնաժողովը պետք է իր աշխատանքն ավարտի, ես էլ իմ կողմից պետք է աջակցեմ»։

Ի դեպ, արձագանքելով հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, արդյոք իր պաշտոնավարման ընթացքում տեղյակ եղել է նման գործընթացի մասին, Սյերան Օհանյանն ասաց, թե իր հետ տարածքների հանձման մասին, որևէ քննարկում չի եղել. - «Այդ զիջումների խնդիրը այսօր բանակցության առարկա չէ։ Եթե խոսքը գնում է այդ փաստաթղթերի մասին, ապա դրանք միայն ու միայն եղել են բանակցելու համար, ինչ-որ մի փաստաթղթի շուրջ բանակցելու համար։ Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկը ոչ մի խոսակցություն չի ունեցել»։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, ով Ռոբերտ Քոչրայանի հետ միասին մեղադրվում է է Սահմանդրական կարգի տապալման գործով, այսօր մինչև քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելը, շուրջ կես ժամ հանդիպում ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Ինչպես Սեյրան Օհանյանն ասաց, քաղաքավարության և բարեկրթության շրջանակներում է այցելել խորհրդարանի նախագահին և Միրզոյանի հետ խոսել է այսօրվա իրադրության մասին, բայց ոչ մի քաղաքական հարց չեն քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG