Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել՝ Արցախում ՀԷԿ-երի շինարարության դեմ


Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյան, 29 հունվարի, 2020թ.
Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյան, 29 հունվարի, 2020թ.

Արդեն 9-րդ օրն է` Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:

Ըստ Քանանյանի՝ Արցախի էներգահամակարգի զարգացման պատրվակով սակավաթիվ օլիգարխներ գերշահույթ են ստանում Արցախի բնությունը ավերելու հաշվին: Ասում է՝ Քարավաճառի գետերի 40 տոկոսից ավելին հոսում է խողովակաշարերով, ավելի վատ է վիճակը հարևան Քաշաթաղում:

«Արցախում տեղի ունեցողն այլ կերպ, քան կատարյալ աղետ չի կարելի բնութագրել: Դրա լավագույն օրինակն այսօր Քաշաթաղի շրջանի հյուսիսն է, երբ օրինակ՝ Աղավնո գետի վրա՝ ընդամենը 35-40 կմ հատվածում, կառուցված է 11 ՀԷԿ: ՀԷԿ-երի պատճառով մեղրի արտադրության ծավալը գրեթե 4 անգամ նվազել է։ Մարդանց այգիները, որոնք 25 տարի մշակվել են, ամբողջությամբ չորացել են»,- ասաց Քանանյանը:

Վերջինս Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնած պահանջագրով ոչ միայն փոքր ՀԷԿ-երի ընթացող շինարարական աշխատանքների դադարեցում և շինտեխնիկան հեռացում է պահանջում, այլ նաև արցախյան հէկաշինության բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննող լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողովի ստեղծում. - «Չափազանց կարևոր է քննել արցախյան փոքր հէկաշինության հիմքում գտնվող ֆինանսավարկային իրողությունները, որովհետև շատ ՀԷԿ-եր կառուցվել են ոչ թե արցախյան օլիգարխիայի սեփական թալանից գոյացած միջոցներով, այլ կառուցվել են պետական վարկային կազմակերպությունների օրինակ՝ ներդրումային հիմնադրամի միջոցով»:

Ի պաշտպանություն Քանանյանի պահանջների՝ ևս մեկ քաղաքացի էլ Ստեփանակերտում է հացադուլ հայտարարել: Արցախում ստորագրահավաք է սկսվել փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:

Այսօր ավելի ուշ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Պաշտոնական հաղոդագրության համաձայն՝ Բակո Սահակյանը մեկ անգամ ևս կարևորել է Շահումյանի շրջանի դերը հայրենիքի ջրային անվտանգության ապահովման հարցում և ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետևեն բնապահպանական նորմերին: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով հունվարի 24-ին հանդիպել էր Ալեքսանդր Քանանյանի հետ:

Հանդիպումից հետո Քանանյանը գրել էր, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը:
Այսօր այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների հետ Բակո Սահակյանի այցելությունը Քարվաճառ Քանանյանն իր պայքարին միացող անձանց ահաբեկելու փորձ է գնահատում:

Ըստ Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ Շահումյանի շրջանում (Քարվաճառ) արդեն գործում է վեց ՀԷԿ, ևս չորսը դեռ կառուցման փուլում են: Առաջին ՀԷԿ-ը Շահումյանի շրջանում գործում է 2015 թվականից:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG