Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառումները տեղի ունեցան Երևանից դուրս, Վարդենիսում։
Տոնական համերգից առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կառավարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Զինված ուժերի մարտունակությունն է՛լ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ։
«Այո՛, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը այսօր ի վիճակի են, և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ են լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի սեփական անվտանգությունը ապահովելու համար։ Մեր ունեցած Հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր Հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով», - նշեց վարչապետը։
Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, պատգամավորներ, Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ելույթ ունեցավ նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. - «Այսօր մենք Բանակի օրը նշում ենք այնպիսի պայմաններում, որոնց մասին առաջին Բանակի օրվա կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող։ Այսօր մենք նշում ենք օրը մի բանակի, որը, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է առավել մարտունակ ու պարտաստ զինված ուժերից՝ ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու։ Մենք նշում ենք օրը մի բանակի, որը արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու չորրորդ սերնդի ավիացիայով՝ վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք և առաջ է շարժվում ոչ թե միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով։ Հետևողականորեն շարունակվում է խրախուսել ու առաջ մղել կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձնման մշակույթը, և ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը՝ առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սննդով ապահովելու համար»։
Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհայինի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Մինչև Վարդենիս ժամանելը Նիկոլ Փաշինյանն Արցախում էր։ Շահումյանի շրջանում Հայաստանի վարչապետը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների հետ միասին մասնակցեց 32 սպաների նոր բնակարանների բանալիները հանձնելու արարողությանը։