Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը։ 28 տարի առաջ այս օրը՝ 1992թ. հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատմական որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին:
Երեկ լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը 2019 թվականն «աննախադեպ» որակեց բանակում կորուստների կրճատման և նոր սպառազինության ձեռքբերման առումով:
«Շատ հաճախ չի նկատվում, և լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպքեր են կանխվում մեր սպաների ու զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ ցավոք սրտի, հասարակությունը միայն արձագանքում է բացասական դեպքերին, բայց հազարավոր դեպքեր կան, երբ իրավիճակից ելնելով՝ ճիշտ որոշումներ են կայացվում, և հնարավոր է լինում վատ դեպքերից խուսափել: Կարող եմ ասել, որ 2019 թվականն այդ առումով աննախադեպ է եղել՝ և՛ կարգապահության առումով, և՛ իհարկե, բոլորդ գիտեք, սպառազինության ձեռքբերման առումով: Անակնկալները շարունակվելու են 2020 թվականին, ցավոք սրտի, դեռ հնարավոր չի բացահայտել այն ամենը, ինչ որ ճանապարհին է: Պատվերները կան և գործում են:
Փառք Աստծո, կարող եմ ասել, որ անցած տարի և հաջորդ տարի բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: Եվս մեկ նկատառում, որ մենք ոչ միայն սպառազինության վրա ենք շեշտը դրել, այլև գործող կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հատուկ շեշտը դրել է նաև համաժամանակյա վարձատրության բարձրացման, այսինքն՝ գործող զինծառայողների վարձատրության բարձրացմանը: Ես հույսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք այդ բոլոր դրական տենդենցներն ու ձեռքբերումները, որ ունենք, դրանց զարգացումն ապահովել 2020 թվականին», - հայտարարեց փոխնախարարը: