Մատչելիության հղումներ

EIU-ի Դեմոկրատիայի ցուցիչ. Հայաստանի տպավորիչ առաջընթացը


Economist հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները:

Դեմոկրատիայի ցուցիչի հիմքում 5 կատեգորիաներ են՝ ընտրական գործընթացը և բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, քաղաքական մշակույթը և քաղաքացիական ազատությունները:

Վերլուծելով այդ կատեգորիաները, Economist-ի փորձագետները երկրները դասում են ռեժիմների 4 տեսակի՝ «ամբողջական դեմոկրատիա», «անկատար դեմոկրատիա», «հիբրիդային ռեժիմ» և «հեղինակապաշտական ռեժիմ»:

Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» ցանկը: Ընդհանուր միավորը՝ 5.54, ընտրական գործընթացի և բազմակարծության միավորը՝ 7.50, կառավարության գործունեությունը՝ 5.36, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13, քաղաքացիական ազատությունները՝ 5.59:

Այդպիսով, Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատությամբ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի Դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն էր:

Հետաքրքիր է 2019-ի տվյալները դիտել ամբողջ տարածաշրջանի համապատկերում: Վրաստանում «հիբրիդային ռեժիմ» է՝ հարևանը 89-րդն է, Թուրքիան էլ է «հիբրիդային» և 110-րդն է, թիվ մեկ դաշնակից Ռուսաստանում «հեղինակապաշտական ռեժիմ» է (Authoritarian regime), Դաշնությունը ցուցակում 134-րդն է, մյուս հարևանը՝ Ադրբեջանն է՛լ ավելի անմխիթար վիճակում է և 146-րդ տեղում է, վերջապես առավել վատ է գնահատվում Իրանը՝ «հեղինակապաշտական ռեժիմ» և 151-րդ տեղ:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի իշխանության օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարն է և տնտեսության զարգացումը: Բացասական հանգամանքների թվում նշվում է ղարաբաղյան չլուծված հակամարտությունը:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանում 2019-23 թվականներին համախառն ներքին արդյունքի միջին աճը կկազմի 4.7 տոկոս:

Դեմոկրատիայի ցուցիչով ամենաբարձր ցուցանիշներն, ավանդաբար, գրանցել են Սկանդինավյան երկրները՝ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, որին հաջորդում է Նոր Զելանդիան, ապա վերստին այդ նույն տարածաշրջանն է՝ Ֆինլանդիա, Դանիա, առաջատարների թվում են Կանադան, Ավստրալիան և Շվեյցարիան:

Ի դեպ, Միացյալ Նահանգները դասվել է «անկատար դեմոկրատիայի» շարքը և աշխարհում 25-րդն է:

Իսկ ամենավերջին՝ 167-րդ տեղում Հյուսիսային Կորեան է, որտեղ, օրինակ, քաղաքացիական ազատությունների թվանշանը 0 է:

XS
SM
MD
LG