Մատչելիության հղումներ

Տեղի կունենա «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի երրորդ համերգը


Հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մի շատ ուշագրավ համերգ՝ բեմում միաժամանակ երեք դաշնակահարի մասնակցությամբ։

Ծրագրում Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Հարո Ստեփանյանի և այլոց ստեղծագործություններն են, որոնք կհնչեն բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանի, ռուսաստանաբնակ 15-ամյա տաղանդաշատ, տարբեր հեղինակավոր մրցույթներում արդեն իսկ մի շարք հաղթանակներ գրանցած դաշնակահարուհի Եվա Գևորգյանի և ծագումով թաիլանդացի, ներկայումս կանադաբնակ անվանի դաշնակահար Փում Փրոմփչարթի կատարմամբ։

«ԹԻ ԷՄ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերության նախաձեռնությամբ «Հայ դաշնամուրային երաժշտություն» խորագրի ներքո կազմակերպվող համերգային այս նախագիծը մեկնարկել է 2014 թվականին՝ մեր երեք անվանի դաշնակահարներ Արմեն Բաբախանյանի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ: Նախագծի շրջանակում երկրորդ համերգը տեղի է ունեցել 2016 թվականին։ Հունվարի 30-ին կայանալիքն արդեն երրորդն է։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում է ընկերության հիմնադիր տնօրեն Թոմաս Մարտիրոսյանը, իրենց նպատակն է մեկ երաժշտական լեզվով ներկայացնել երեք արտիստի, երեք պրոֆեսիոնալ դաշնակահարի համագործակցությամբ բեմում ծնունդ առնող ստեղծագործական աներևակայելի հնարավորությունները. - «Միտքը հղացել է այն բանից, որ ունենալով տարբեր պրոֆեսիոնալ երաժիշտներ, ոնց անել, որ բոլորին համատեղել մի բեմում։ Ընտրեցինք հենց հայկական դաշնամուրային ստեղծագործությունները։ Եվ ընտրեցինք մի քանի դաշնակահարների, ովքեր միասին մեկ բեմում սիրով կնվագեն ու կհամագործակցեն, կստեղծագործեն»։

Նախագծի երկրորդ և այս երրորդ համերգին մասնակցելու համար հրավիրել են նաև օտարազգի դաշնակահարների, որոնք, Մարտիրոսյանի փոխանցմամբ, մեծ սիրով են կատարում հայ կոմպոզիտորների գործերը. - «Սիրով, հիացմունքով են վերաբերվում մեր հայկական դաշնամուրային ստեղծագործություններին»։

Հարցին, թե հնարավոր չէ արդյոք ավելի հաճախ կազմակերպել համերգները, նախագծի հիմնադիր տնօրենն արձագանքեց. - «Իրականում ունենք շատ մեծ ու լուրջ խնդիր. համերգները առանց հովանավորների ուղղակի հնարավոր չէ իրականացնել։ Որովհետև, ցավոք սրտի, նույնիսկ կարելի է ասել այսօր չկա հազար հոգի հանդիսատես, ով ի վիճակի է նորմալ համերգի տոմս գնել եւ գնալ համերգի։ Չես կարող այն արտիստներով, որոնք բնակվում են Հայաստանում, հաճախ դնել համերգ ու վաճառել հազար տեղ։ Դա կարող է լինել, ասենք, հրավիրված արտիստի դեպքում։ Օրինակ, Տիգրան Համասյանի պարագայում մենք երբեք տոմս վաճառելու խնդիր չենք ունեցել, առանց հովանավորի հանգիստ կարողացել ենք կազմակերպել։ Բայց մեր լոկալ արտիստների դեպքում միշտ պետք է լինում հովանավոր»։

Նա ասաց, որ երկրորդ համերգից հետո չորսամյա դադար եղավ, որովհետև հովանավոր չեն կարողացել գտնել. - «Այս տարի մեզ Մշակույթի նախարարությունը աջակցեց, և ինչ-որ մի չափով մեր բեռը թեթևանում է»։

Մարտիրոսյանը համամիտ է, որ վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացել է երաժշտական կյանքը՝ կազմակերպվում են միջազգային փառատոներ, մրցույթներ, հրավիրյալ անվանի երաժիշտների համերգներ։ Այդուհանդերձ հավելում է. - «Բայց դրա հետ զուգահեռ նաև զարգանում ու առաջ է գնում մյուս ճյուղը, որը մեր մշակույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Ասենք, յան-ով վերջացող ազգանուններով երգիչ-երգչուհիներ, ստեղծագործողներ ունենք, ովքեր հայ մշակույթի հետ ընդհանրապես կապ չունեն։ Այն, ինչ իրենք ներկայացնում են, դա արաբական, թուրքական, իսպանական, ռուսական... տարբեր ազգերից ինչ-որ մի քիչ բաներ է վերցված ու հայերեն լեզվով մեկնաբանում են։ Չես հասկանում ինչ են երգում, ինչի մասին են երգում, ում համար են երգում։ Ինչո՞ւ ենք մենք մեր սահմանը պաշտպանում, այդտեղ զինվոր ունենք կանգնած, ով պաշտպանում և պահպանում է մեր սահմանը, չի թողնում, որ թշնամին մտնի ներս։ Իսկ մշակույթը պետական չէ՞։ Դա ազգային դեմքն է, նույն ձևով պետք է կանգնել ու դա էլ պաշտպանել։ Ո՞նց կարելի է ասել ազատություն է, ու թույլ տալ, որ ամեն ինչ տարածվի։ Անորակ մշակույթը ո՞նց կարելի է թույլ տալ, որ տարածվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG