Մի օր ադրբեջանցին, վրացին ու հայը գնում են ռեստորան... առաջին հայացքից հին, սովետական անեկդոտ հիշեցնող այս նախաբանը, սակայն, ոչ թե երգիծանքի, այլ՝ ծեծկռտուքով ուղեկցված իրական պատմության մասին է:
Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ Թբիլիսիում՝ ադրբեջանական հայտնի ռեստորաններից մեկում: Հին Նոր տարուն նվիրված տոնական համերգ-միջոցառմանը հրավիրված են եղել Մառնեուլիի շրջանի երկու ադրբեջանցի երգիչներ, որոնք լայն ճանաչում ունեն ոչ միայն Վրաստանում, այլև՝ երկրի սահմաններից դուրս: Նրանցից մեկը՝ Աֆիկ Նովրուզովը, խնջույքից օրեր առաջ դեռ Ֆեյսբուքով երկրպագուներին հրավիրում էր հանդիպման՝ խոստանալով բազում անակնկալներով լի անմոռանալի երեկո։
Անակնկալներ իսկապես եղել են, բայց՝ հյուրերի կողմից, նրանցից մեկը, մասնավորապես, խնջույքը ծեծկռտուքի է վերածել, երբ երգիչները ներկաներից մեկի պատվերով կատարել են Թուրքմենստանում ապրող հայազգի Արսեն Շախունցի «Աղջիկ ջան, կանգ առ» ռուսալեզու երգը:
Կրքերը է՛լ ավելի են բորբոքվել, երբ պարզվել է՝ ծեծկռտուք հրահրողը եղել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Վուգար Մուստաֆաևը:
Ադրբեջանցի երգիչները՝ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հրապարակել էին դեպքի մանրամասները, ցույց տվել դիվանագետի լուսանկարն ու պահանջել Ադրբեջանի դեսպանից պաշտոնանկ անել նրան: Միայն թե դեսպանը կտրուկ քայլերի դիմելու փոխարեն հորդորել էր երաժիշտներին մոռանալ կատարվածի մասին, տեսանյութն էլ Ֆեյսբուքից հեռացնել:
Բռնության զոհ դարձած երաժիշտները օրեր շարունակ պնդում էին՝ չեն ընկրկի, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել: Նախօրեին, սակայն, նրանք, այդուամենայնիվ, ջնջել են այս թեմայով բոլոր գրառումներն ու վիդեոները, Աֆիկ Նովրուզովի խոսքով՝ «հակառակորդների ջրաղացին ջուր չլցնելու» համար:
«Ազատության» վրացական ծառայության հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հոդվածով, ընթանում է նախաքննություն: Ելքը, սակայն, բավական անորոշ է. բանն այն է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը պարտավոր չէ ցուցմունք տալ որպես վկա և ունի անձեռնմխելիություն, ինչը նշանակում է, որ նա չի կարող որևէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել: