Մատչելիության հղումներ

Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա 2 համերգները


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան, արխիվ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան, արխիվ

Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հրավեր ստացավ ղեկավարելու Պալերմոյում կայանալիք Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որի ծրագրում տեղ էր գտել Շոստոկովիչի 6-րդ սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Թավջութակի կոնցերտը և Մոցարտի Կլարնետի կոնցերտը՝ անվանի մենակատարների՝ թավջութակահար Լուդովիկա Ռանայի և կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեյի մասնակցությամբ։

Համերգը մեծ արձագանքի արժանացավ, և ահա այս տարի Թոփչյանը կրկին հրավիրվել է Պալերմո՝ ղեկավարելու հունվարի 24-ին և 25-ին կայանալիք Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգները։ Այս տարի համերգներին կմասնակցի նաև Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» կամերային երգչախումբը։ Ծրագրում կհնչի Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը, նաև Շոստոկովիչի 13-րդ «Բաբի Յառ» կոչվող սիմֆոնիան, որը գրվել է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա՝ ներկայացնելով 2-րդ Համաշխարհայինի տարիներին Կիևից ոչ հեռու՝ Բաբի Յառ տեղանքում, ֆաշիստական զորամիավորումների կողմից հրեաների խոշտանգումն ու ոչնչացումը։ Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան ներկայացնում է հրեաների կրած մեծագույն տառապանքն ու ողբերգությունը։ Սիմֆոնիայի պրեմերան տեղի է ունեցել 1962 թվականին։

Առաջիկա օրերին Պալերմոյում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք համերգների մենակատարներն են անվանի երաժիշտներ Մարիա Գրացիա դե Ալլիսիոն, Սալվատորե Մագացցուն և Միխայիլ Ռիսսովը։ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Պանինն է Էդուարդ Թոփչյանին առաջարկել այս բարդ ու ազդեցիկ սիմֆոնիայի կատարման համար ռուսերենի լավ իմացությամբ երգչախումբ ընտրել։ Էդուարդ Թոփչյանի ընտրությունն էլ կանգ է առել «Հովեր» երգչախմբի վրա, քանի որ նա շատ բարձր է գնահատում Սոնա Հովաննիսյանի ղեկավարած այս երգչախմբի կատարումները։

Թոփչյանն արդեն իսկ մեկնել է Պալերմո, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանն էլ ասաց, որ Պալերմոյում անցյալ տարեսկզբից անց է կացվում Շոստոկովիչի տարի, իսկ համերգային ծրագրի ընտրությունն էլ կապված է հունվարի 27-ին ողջ աշխարհում նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա հետ։

«Այստեղից մեկնում են «Հովեր» երգչախումբը և Էդուարդ Թոփչյանը և Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին կանցկացնեն այդ մեծ համերգը, որը հետագայում, իհարկե, մաեստրոն մտադրություն ունի նաև Հայաստանում անցկացնելու: «Բաբի Յառ» կոչվող գործն է, որը Էդուարդ Թոփչյանը շատ խորապես ուսումնասիրել է և ինչ-որ շատ համեմատություններ է անում մեր Գենոցիդի հետ ու շատ տպավորված է: Այդ տպավորությամբ էլ այսօր արդեն մեկնել է», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ Թոփչյա՞նն է ընտրել ծրագիրը, Ռուզան Սիրունյանը պատասխանեց. - «Ծրագիրն ընտրվել է իրենց կողմից: Ամբողջ տարին իրենք Շոստոկովիչի տարի են արել և բոլոր սիմֆոնիաները նվագել են: Հիմա 13-րդը որոշել են, որ մաեստրո Թոփչյանն էլի չափ տա: Մենք դեռ չենք կատարել այդ գործը, երեկ զրուցում էինք, այնքան տպավորված է, որ նույնիսկ ասում է, որ երբ ես երիտասարդ էի, միշտ մտածում էի, որ 50-ից հետո կգամ այս գործին, որովհետև շատ խորը պիտի ուսումնասիրեմ, բայց ասում է՝ դեռ 50-ս չլրացած մոտեցա, որովհետև իրենք դա էին ուզում: Այնպես որ ասում է՝ շատ հասուն տարիքում է պետք այս գործողությունը կատարել և շատ խորությամբ: Նվագախումբը դեռ չի կատարել, բայց հուսով եմ, որ վերադառնալուց հետո այս տարվա մեջ...ինքը, ճիշտն ասած, մտադրություն ունի այս համերգն անելու դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանությունների համաշխարհային օրվա (Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր) առիթով, երևի թե կպլանավորենք դեկտեմբերի 9-ին կատարելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG