Այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնելու, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ձևավորմանը։
«Ըստ էության, 1995 թվականի Սահմանադրությունը 2005-ին փոփոխվեց, 2015-ին փոփոխվեց՝ տասը տարին մեկ։ Առնվազն վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել Հայաստանի պատմության մեջ, թե ինչ նպատակներով էր այդ փոփոխությունը անցկացվում։ Այս փոփոխությունը հասունացել է, և հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում։ Եվ մենք չենք պատրաստվում իրավիճակային լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Եթե միայն մեկ կոմպոնենտը՝ դատական համակարգի հանդեպ վստահությունը հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ է այս սահմանադրական փոփոխությունը», - ասաց Բադասյանը։
Նախարարը հույս հայտնեց, որ արդեն տարեվերջին պատրաստ կլինի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:
Խորհրդարանական խմբակցությունները արդեն ներկայացրել են հանձնաժողովում իրենց անդամներին և, ամենայն հավանականությամբ, մինչև հունվարի վերջ, փետրվարի սկիզբ հանձնաժողովի կազմը հաստատված կլինի: Նախարարը չի հերքում՝ դատական համակարգում առկա ճգնաժամը այս հայեցակարգով փորձելու են լուծել։
Բադասյանը վաղ է համարում ասել, թե ինչպես են դա անելու. - «Դատական համակարգի մասով, Սահմանադրական դատարանի մասին չէ միայն խոսքը, խոսքը Վճռաբեկ, Սահմանադրական դատարանների մասին է, Բարձրագույն դատական խորհրդին վերաբերող կտոր ունենք, և այն բարեփոխումը, որը որ մենք տեսնում են Սահմանադրական դատարանի դեպքում, նույնը տեսնելու ենք Վճռաբեկ դատարանի դեպքում, այսինքն որևէ կոնցեպտուալ տարբերակում չի լինելու։ Տվյալ մարմինների հանդեպ հանրության վստահությունը վերականգնելու խնդիրն է դրվելու։ Ես չեմ ուզում հիմա որևէ բան բացահայտած լինեմ, որովհետև, օրինակ, մասնագիտական քննարկման ընթացքում կարող է իրավաբան գիտնականներից մեկը մի կարծիք արտահայտի, մեկը՝ մյուս։ Մենք այդ քննարկման արդյունքում, հետո արդեն հանրային քննարկման փուլում հանգենք ինչ-որ եզրակացության, և դա հայեցակարգում նախ ներկայացնենք հանրային քննարկմանը, որից հետո նոր նախագիծը սկսենք մշակել»։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում ճգնաժամի լուծումը սահմանադրական փոփոխությունների միջոցով, Բադասյանն արձագանքեց. - «Եթե Սահմանադրությամբ չլուծվի ճգնաժամը, ապա էլ ինչպե՞ս պետք է լուծվի։ Ընդհանուր ուղղությունը սահմանված է, որ այդ հարցին անդրադառնալու ենք, ընդհանուր դատական համակարգի։ Թե ոնց կանդրադառնանք, ես հիմա ճիշտ չեմ համարում, հանձնաժողովը դեռ չձևավորված, ես, օրինակ, իմ տեսլականը կիսեմ»։
«Իմ քայլի» առանձին պատգավորների և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից որպես Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման տարբերակ միասնական գերագույն դատարան ստեղծելու առաջարկ էր եղել, որի արդյունքում կվերացվեին Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը: Նախարարն առաջարկին կարճ անդրադարձավ՝ ընդունելի տարբերակ չէ:
«Ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ պետք է վստահությունը բարձրանա՝ սահմանելով մոդել, առաջինը՝ ինչ մոդելի Սահմանադրական դատարան կամ Վճռաբեկ դատարան ենք պատկերացնում, և ինչպես պետք է լինի տեղափոխումը հին մոդելից դեպի նոր մոդել», - նկատեց նա:
Ըստ նախարարի՝ չպետք է քննարկվի նաև կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու հարցը: Նման առաջարկ էր հնչեցրել արտախորհրդարանական ՀԱԿ կուսակցությունը: Նկատենք, որ արտախորհրդարանական ուժերը հանձնաժողովի կազմում ներկայացված չեն, հետևաբար չի բացառվում, որ այս հարցն ընդհանրապես հանձնաժողովի քննարկման առարկա չդառնա: Բայց դա չի նշանակում, թե սուպերվարչապետական համակարգից ձերբազատվելու խնդիր չկա դրված, հարցն այն է, թե ով ինչպես է հասկանում սուպերվարչապետությունը, նկատեց նախարարը․ - «Կնայենք, թե ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ, որովհետև տարբեր քաղաքական գործիչներ սուպերվարչապետության հետ կապված տարբեր կարծիքներ են արտահայտել, թե իրենք կոնկրետ ինչումն են տեսնում սուպերվարչապետության ինստիտուտը»:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ: Հանրաքվեի միջոցով սահմանդրական փոփոխություններ «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագրում չկար, նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ խոսելով այս մասին՝ Փաշինյանն ասել էր. - «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն իշխանություն գա ու Սահմանադրություն փոխի»: Միևնույն ժամանակ իր հրապարակային խոսքում Փաշինյանը չէր բացառել, որ եթե նման հանրային պահանջ լինի, իրենք կգնան այդ ճանապարհով:
«Ինձ համար միանշանակ է մի բան, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը, և որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի: Ես ընդհանրապես ասել եմ, որ ճիշտ չեմ համարում, որպեսզի Սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն: Եվ նաև կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանի Հանրապետությունում շանս ստանա, որ հասկանանք՝ ինչ համակարգ է սա», - ասել էր վարչապետը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ: Նախարարը չի բացառում, որ այդ փորձագետները կլինեն Վենետիկի հանձնաժողովից, որոնք կներգրավվեն գործընթացին հայեցակարգի մշակման փուլից սկսած: