Մատչելիության հղումներ

Սիլվա Կապուտիկյանը «ոչ միայն տաղանդավոր քնարերգու էր, այլև և մեր ամենաքաղաքացի բանաստեղծներից մեկը»


Յուրաքանչյուր տարի Սիլվա Կապուտիկյանի հարազատները, նրա գրչընկերներն ու պոեզիայի երկրպագուները, նրա տուն-թանգարանի աշխատակիցների հետ միասին, բանաստեղծուհու ծննդյան օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցում նրա հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դնելու նրա շիրիմին։ Սիլվա Կապուտիկյանին նվիրված միջոցառումներն այնուհետև շարունակվում են նրա տուն-թանգարանում։

Անցյալ տարի նշվեց Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք հասցրեցին ամբողջովին իրագործել բանաստեղծուհու հոբելյանի հետ կապված իրենց բոլոր մտահաղացումները, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն ասաց. - «Ճիշտն ասած, մենք բոլորս երազում էին պետական մի մեծ միջոցառման, հոբելյանական երեկոյի մասին, բայց, ցավոք, չկայացավ այդպիսի միջոցառում։ Ընդ որում, երեք հարյուրամյակ նշվեց նախորդ տարի՝ Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի և ամենայն հայոց բանաստեղծուհի Կապուտիկյանի։ Մենք երեքը մեկում մեր թանգարանում նշեցինք։ Ինչպես նաև, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի մեծ հոգածությամբ, ցուցադրություն արվեց այնտեղ, գեղեցիկ ներկայացվեց։ Բայց դա համազգային բնույթ չկրեց, ցավոք սրտի։ Բոլորը սպասում են, որ Երևանից այդ ճառագայթները գնան դեպի Սփյուռք... երևի 101-ամյակն էլ վատ տարիք չի»։

Դեմիրճյանը շարունակեց. - «Անցյալ տարի նախ հրատարակվեց պատկերազարդ մի գիրք՝ երեխաների նկարազարդումներով՝ Կապուտիկյանի մանկական և հայրենասիրական բանաստեղծությունները։ Այնուհետև հետաքրքիր երկու ժողովածու։ Մեկը երկլեզու՝ հայերեն-ռուսերեն, որը հրատարակեց «Հարմոնիա» կազմակերպությունը՝ թանգարանի հետ համատեղ։ Եվ նրա զարմուհին՝ Ռուզան Անանյանը հրատարակեց ընտրանի՝ «Սիլվա Կապուտիկյան 100»։ Դրանից էլ առաջ Գրականության և արվեստի թանգարանը՝ էլի «Ընտրանի» վերնագրով փոքրիկ գրպանի գրքույկ»։

Արմենուհի Դեմիրճյանը պատմեց նաև թանգարանի վերանորոգման մասին. - «Առաջին հատվածը՝ ադմինիստրատիվ մասը վերանորոգվեց հիմնադրամի միջոցներով։ Հետո գնացինք հյուր Կաթողիկոսին և խնդրեցինք օգնել։ Մեկ միլիոն 150 հազար դրամի ներդրում արեց Մայր Աթոռը։ Բայց դրան ավելացվել ևս այդքան անհատ քաղաքացիների, անհատ բարեգործների, անգամ վարպետների կողմից, որոնք կես գնով էին աշխատում։ Համազգային մոտեցում եղավ, և դա շատ ավելի գեղեցիկ է»։

Ի դեպ, 2014 թվականից Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը հանդիսանում է Գրակականության և արվեստի թանգարանի 6 մասնաճյուղերից մեկը։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Իհարկե, մեծ պատասխանատվություն է։ Հոգածության կարիք ունեն և՛ մայր թանգարանը, և՛ բոլոր մասնաճյուղերը։ Բայց պիտի ասեմ, որ Կապուտիկյանի տուն-թանգարանը ինչ-որ առումով շահեկան վիճակում է։ Որովհետև եթե այլ թանգարանների կենսունակությունը, գործունեությունը ապահովելու համար մի փոքրիկ խումբ պիտի շատ դռներ թակի, Կապուտիկյանի պարագայում, փառք Աստծու, կա «Կապուտիկյան» հիմնադրամը, հոգաբարձուների խորհուրդը երևելի անդամներով՝ Թաթուլ Մանասերյան, Արամ Սարգսյան, Ազատ Եղիազարյան, հնարավոր եղավ մասնակի վերանորոգում, որի կարիքը կար դեռ բանաստեղծուհու ողջությամ օրոք, բազմաթիվ հրատապ հարցերի լուծում և այլն, և այլն»։

Բանասիրական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն ասաց. - «Բանաստեղծ, որի ստեղծագործությամբ ու հասարակական դիրքի միջև որևէ ճեղք չկար։ Ինչ որ գրում էր, էնպես էլ աշխատում էր, և ինչպես ապրում էր էս ժողովրդի մեջ, այնպես էլ գրում էր։ Ոչ միայն շատ տաղանդավոր քնարերգու էր, սա երբեմն մոռանում են, այլև ամենաքաղաքացի բանաստեղծներից մեկն էր։ Եվ մինչև կյանքի վերջը, ես միշտ զարմանում էի, 80 տարին արդեն անց այնպիսի բանաստեղծություններ գրեց, որոնք մեջ քաղաքացիական այնպիսի կիրք կա, որ ցանկացած երիտասարդ բանաստեղծ պիտի նախանձեր։ Լավ սերունդ էր այդ սերունդը՝ Պարույր Սևակից, Համո Սահյանից սկսած։ Նրանք մեծ ծառայություն մատուցեցին հայ գրականությանը, թեև երբեմն փորձում են այդ ծառայությունը մի քիչ նվազեցնել, բայց դժվար տարիների, ծանր տարիներին նրանք հայոց լեզվի, հայ պոեզիայի դրոշը շատ բարձր պահեցին։ Եվ անգամ այդ լավ սերդնի մեջ Սիլվա Կապուտիկյանն առանձնանում էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG