Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը մեկնել է Շվեյցարիա. ՀՀ նախագահը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ հանդիպմանը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը:

«Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումը ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության, նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ», - Արմեն Սարգսյանին ուղղված նամակում, մասնավորապես, նշել էր Կլաուս Շվաբը:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ հունվարի 20-24-ը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո: Տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներն ու ավելի քան 3000 մասնակիցները քննարկելու են տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր:

«Հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար հանրության ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ», - ասված է նախագահականի հաղորդագրությունում։

Ֆորումի այս տարվա բանախոսների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի և բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլոք:

Հայաստանի նախագահը որպես բանախոս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների մասին:

Արմեն Սարգսյանի հետ որպես բանախոս հանդես կգա տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը:

Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի շարք պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG