Մշտական բնակության համար Հայաստան վերադարձողները կազատվեն անձնական գույքի, այդ թվում մեկ ավտոմեքենայի ներկրման համար գանձվող բոլոր տեսակի հարկերից։ Սա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունն է։
Պատգամավորը հիշեցնում է, որ այժմ էլ կա այդպիսի կարգավորում, բայց այն խնդիրներ է ստեղծում Հայաստան վերադարձողների համար։
Գաբրիելյանի խոսքով, այն քաղաքացիները, որոնք արտերկրում են ապրում, բայց շարունակում են մնալ Հայաստանում հաշվառված, համարվում են Հայաստանի բնակիչներ. - «Այդ օրենքի ընթերցումից իրենց մոտ որոշակի խնդիրներ էր ստեղծում, երբ վերադառնում էին։ Հիմա մենք նշում ենք, որ եթե փաստացի անձը երեք տարի մշտապես չի բնակվել Հայաստանում, ինչը ենթադրում է, որ երեք տարվա, ամեն տարվա կտրվածքով, կեսից ավելին այստեղ չի ապրել՝ 184 օր և ավելի, ինքը կհամարվի հաշվառումից դուրս եկած, հետևաբար կկարողանա օգտվել այս արտոնություններից։ Հինգ տարվա սահմանաչափն ենք նվազեցնում, երեք տարի ենք սահմանում»։
Մեկ այլ փոփոխություն է էլ է նախատեսվում. եթե քաղաքացին մեկ տարի արտերկրում է եղել, վերադառնալիս կազատվի անձնական գույքի հարկերից մինչև 5000 եվրոյի չափով, առանց ավտոմեքենայի։
Պատգամավորի համոզմամբ, այս օրենքի ընդունումը կհեշտացնի հայրենադարձության գործընթացը. - «Ընդունումից հետո, առաջիկա մեկ տարվա կտրվածքով վիճակագրությունը համեմատելով, մենք կտեսնենք դրական տեղաշարժ։ Որովհետև հատկապես հեղափոխությունից հետո բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր ցանկություն են հայտնում վերադառնալ և մշտապես բնակվել Հայաստանում»։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հավելում է, որ հայրենիք մշտական բնակության վերադարձողները այս արտոնությունից կկարողանան օգտվել մեկ անգամ։ Ինչ վերաբերում է 5000 եվրոյի կարգավորմանը, ապա քաղաքացիները կկարողանան երեք տարին մեկ օգտվել այդ արտոնությունից. - «Այսինքն, գնալ, դրսում աշխատել, վերադառնալ և առանց մաքսատուրքերի գույքը ներմուծել»։
Ներսիսյանը նշեց, որ ՊԵԿ-ը խիստ կգտնվի բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիները արտոնությունները կչարաշահեն՝ առանց մաքսատուրքի ապրանք ներմուծելու նպատակով. - «Մնացած բոլոր պարագաներում, երբ որ միտումը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում բնակություն հաստատելն է, մաքսային մարմինները փորձելու են անել ամեն ինչ օրենքի շրջանակներում, որպեսզի առանց խոչընդոտների և հեշտ քաղաքացիները վերադառնան»։
Նա մի դեպքի մասին պատմեց. - «Վերջերս մի տարեց կին՝ 80-ն անց, բնակության էր վերադառնում Հայաստան Վրաստանից և իր հետ 2019 թվականի «Բենթլի» էր բերում։ Լիազորել են երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով։ Այդպիսի դեպքեր էլ ենք ունենում»։
Սիսակ Գաբրիելյանն իրենց մշակած նախաձեռնության ընթացակարգն է ներկայացնում՝ հայրենադարձվողները պարտադիր չէ, որ իրենց հետ բերեն գույքը. - «18 ամսվա ընթացքում կարող են իրենց գույքը այս արտոնության շրջանակներում ներկրել։ Հասկանալի է, որ երկար տարիներ այստեղ չեն ապրել, պետք է գան, մի հատ հասկանան»։
Պատգամավորի կարծիքով, արտոնություններն օրենքի ուժ կստանան մարտին կամ ապրիլին։