Մատչելիության հղումներ

Էդուարդ Իսաբեկյանի կտավները անձրևաջրերի տակ են


Հալոցքի ու անձրևների սեզոնը պարբերաբար փորձանք է դառնում ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի 28 կտավների համար, որ ցուցադրվում են Իսաբեկյան ցուցասրահում՝ Հայարտ մշակութային կենտրոնի, այսպես ասած, կլորներից մեկում։

«Գործող կաթոց է, ստեղից էլ է արդեն սկսել կաթալ», - ասաց Էդուրադ Իսաբեկյանի ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանը։

Ցուցասրահը 2013-ին բացվեց, Իսաբեկյանի որդին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը Երևան քաղաքին նվիրել էր վարպետի գործերը, հենց դրանցով էլ ամբողջացավ մշտական ցուցադրությունը։ Ուղիղ մեկ տարուց սկսվեց անձրևաջրերի հոսքը, որը չի դադարում մինչև այժմ։

«Մտնում ես խոնավության հոտը գալիս է, շատ տհաճ է, հետո նկարներին է վնաս տալիս այս խոնավությունը։ Հիմա մենք միացնում ենք սենց ակտիվ, որ մի կողմից չորանա, մի կողմից ինչ-որ աշխատի», - նշեց ցուցասրահի տնօրենը։

Չդադարող հոսքի պատճառով նկարչի աշխատանքները խտացվել են և որևէ նոր ցուցադրության մասին խոսք չի կարող լինել, պնդում է ցուցասրահի ղեկավար Իրինա Իսաբեկյանը։

«Ցուցահանդեսներ չեմ կարողանում անել, մի քիչ անհարմար է սենց վիճակով մարդկանց հրավիրել։ Չնայած էլի ինչ-որ բաներ արեցի, բայց հիմա արդեն շատ է համը դուրս եկել էլի», - ասաց Իրինա Իսաբեկյանը։

Թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը, պատմական բազմաթիվ աշխատանքների հեղինակը կարող էր հետաքրքրել ոչ միայն զբոսաշրջիկներին, նաև այստեղ դպրոցականները կարող էին դասախոսություններ լսել, կրթվել, ափսոսում է ցուցասրահի տնօրենը՝ նշելով՝ պայմանների պատճառով ցուցասրահը դուրս է մնում մշակութային երթուղիներից։

Հայարտ մշակութային կենտրոնը՝ Իսաբեկյան ցուցասրահը գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, կատավները նույնպես քաղաքային իշխանությանն են նվիրել։ Իրինա Իսաբեկյանն ասում է՝ տարիներ շարունակ խնդրում են նորոգել տանիքը։

«Ես չգիտեմ, կարող է՝ լավ չեմ խնդրում», - ասաց նա։

Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը տեղեկացրեց՝ վերջին անգամ սրահի նորոգման հարցով փոխքաղաքապետ Վիրաբյանի հետ է խոսել։

«Ես ասացի, որ սա անհանդուրժելի վիճակ է, նկարները փչանում են, միակ սեփականությունն է քաղաքապետարանի, որը իրենց նվիրված է և գտնվում է այդ տեղում, նրանք ասացին, որ մարդ կուղարկեն, որպեսզի նայեն, տեսնեն ինչ է կատարվում, բայց փաստորեն մարդ չեն ուղարկել», - նշեց Իսաբեկյանի որդին։

Արամ Իսաբեկյանն ասաց՝ վերջին խոստումը, որ լսել է՝ 20-21 թվականներին նորոգվելու են բոլոր կլորները, այս թվում՝ ցուցասրահը։ Հավատում է, բայց չի հասկանում, թե ինչու են ձգձգում։ Իսաբեկյանը նաև հավելեց՝ ունի ընկերներ, որ պատրաստ են տանիքը կարգի բերել։

«Պարզապես պրինցիպի հարց է արդեն՝ ինչի՞ պետք է մի բան մենք անենք, որը քաղաքապետարանինն է և փաստորեն իրենց սեփականությունն է», - ասաց Արամ Իսաբեկյանը։

«Ջեռուցում, անվտանգության համակարգ, ամեն ինչ ես եմ արել, նաև վերականգնել խոնավությունից վնասված կտավները», - շեշտեց Իսաբեկյանը։

Նկարչի հարազատները հույս ունեն՝ Իսաբեկյան ցուցասրահի կոմունալ խնդիրն այնուամենայնիվ կլուծվի ու ազգային պատկերասրահը 20 տարի ղեկավարած, Հայաստանի տարբեր մարզերում շուրջ տասը մասնաճյուղեր բացած նկարչի կտավները կցուցադրվեն ոչ խոնավ, չոր ու ջերմ միջավայրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG