Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կոչ է անում սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները Երևանում երթի ժամանակ, արխիվ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները Երևանում երթի ժամանակ, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։ Այսպիսի համոզմունք է հայտնում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հրապարակած հայտարարությունում։

Նշելով, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական ուժը հարկ է համարում ընդգծել, որ գործող Սահմանադրությունը մշակվել է «նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, «ընդունվել է» 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն լեգիտիմ չէ, և կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին, որի հետևանքները մինչ այսօր վերացված չեն»։ «Այն նաև պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով», - նշված է հայտարարությունում։

ՀԱԿ-ը կարևոր է համարում արձանագրել, որ «կառավարման խորհրդարանական մոդելն իրականում Հայաստանի ժողովրդի կողմից չի ընդունվել», և որ «խորհրդարանական համակարգը աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել»։ «Երկարաժամկետ հեռանկարում նաև Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի և քաղաքական կոռուպցիայի ծաղկման», - համոզմունք է հայտնում կուսակցությունը։

Հետևաբար, պնդում է ՀԱԿ-ը, «սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհդարանական) կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը»։

«Դատելով կառավարության վերոնշյալ ռազմավարությունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների հետ», - նշում է Հայ ազգային կոնգրեսը։

Կուսակցությունը նաև համոզմունք է հայտնում, որ սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG