Երևանի պատմության թանգարանը յուրաքանչյուր տարի, բացի կրթական մի շարք ծրագրերից, հանդես է գալիս նաև մշակութային ուշագրավ ծրագրերով, և այս տարին ևս բացառություն չէ։
Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով, այս տարի նույնպես կներկայացնեն բազմաթիվ ուշագրավ ցուցահանդեսներ, ինչպես նաև կշարունակեն անցած տարեվերջին իրականացրած «Երևանը քո գրպանում» և «Կենդանի նկար» նախագծերը:
Երևանի քաղաքապետարանի կողմից 2019 թվականին հրատարակված «Երևանը քո գրպանում» անգլերեն գիրք-ուղեցույցը թերևս ցանկալի նվեր է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար։ Այնտեղ ներկայացված է ամբողջական տեղեկատվություն երևանյան զբոսավայրերի, տեսարժան, ժամանցային վայրերի, պատմամշակութային հուշարձանների մասին։ Գիրքը նաև ճանապարհային ուղեցույց է՝ հագեցած քարտեզներով, հեռախոսահամարներով և հասցեներով։ Ի դեպ, այս գիրքը չի վաճառվում. այն տրամադրվում է Երևան այցելած ցանկացած զբոսաշրջիկի, նաև իհարկե զբոսաշրջային կենտրոններին։ Այս տարի արդեն կսկվի այս գիրք-ուղեցույցի վերահրատարակումը նաև այլ լեզուներով։
Իսկ «Կենդանի նկար» յուրօրինակ նախագիծը ներկայացնում է թանգարանում պահվող անվանի նկարիչ Վահան Խորենյանի հանրահայտ «Երևանի շինարարները» կտավը. ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է դառնում անիմացիոն վերարտադրման ծրագրով կենդանացնել նկարում պատկերված միջավայրն ու կերպարները։
Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով, «Կենդանի նկար» ծրագիրը շարունակական է լինելու, կներկայացվեն նաև այլ նկարներ տարբեր լեզուներով. - «Կտավում պատկերված է վարդագույն Երևանի կառուցումը, որը ժամանակին շատ հայտնի էր որպես «վարդագույն մայրաքաղաք»։ Ոչ միայն այդ կտավի հանրահռչակումն է։ Քանի որ ժամանակակից կյանքը անհնար է պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաների, հետևաբար թանգարանները նույնպես չեն կարող շրջանցել այդ կարևոր ոլորտը»։
2019 թվականին թանգարանն ավելի քան 20 հազար այցելու է ունեցել։ Աշխատել են նաև ամանորյա տոների ընթացքում։ Արմինե Սարգսյանի հավաստիացմամբ, քաղաքապետարանի ճարտարապետական համալիրում ընդգրկվելուց հետո՝ 2005 թվականից ի վեր, թանգարանն իր ցուցադրանմուշների քանակն ավելացրել է ավելի քան 10 հազարով։ Ներկայումս շուրջ 97 հազար ցուցադրանմուշ ունեն։
«Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչ հիմնախնդիրներ ունի թանգարանը, տնօրենը պատասխանեց. - «Մեր թանգարանը, քաղաքապետարանի հետ նույն կառույցում գտնվելով, մյուս թանգարանների համեմատ ջեռուցման, օդափոխության, ջերմաստիճանի պահպանության խնդիրներ չունի։ Մեր հիմնական խնդիրը այսօր 97 հազար ցուցանմուշի թվայնացման խնդիրն է։ Մասնակիորեն թվայնացրել ենք, բայց այդ թվայնացումը բավականին ժամանակ և ջանքեր է պահանջում։ Հիմնականում թվայնացրել ենք լուսանկարների պահոցը, որովհետև մեր հանրության շրջանում շատ մեծ է հետաքրքրությունը հին Երևանի լուսանկարների, ընդհանրապես Երևանի լուսանկարների նկատմամբ։ Բայց շատ հետաքրքիր պահոց է նաև փաստաթղթերի ֆոնդը, որտեղ 13 հազարի ավելի ցուցանմուշ է պահպանվում։ Փաստաթղթերի թվայնացումը բավականին բարդություններ ունի. պեքտ է դրանք մանրամասն ընթերցել, մանրամասն ներկայացնել, ինչը շատ ժամանակատար է»։
Հավելենք, որ Երևանի պատմության թանգարանը նաև գիտական, փաստագրական ուշագրավ գրքեր է հրատարակում։ Բոլորովին վերջերս երկու շատ հետաքրքիր գիրք է լույս տեսել թանգարանի գիտական քարտուղար Հերմինե Սարգսյանի աշխատասիրությամբ՝ «Երևանը հայ երաժշտարվեստում» և «Երևանը բանաստեղծություններում» խորագրերի ներքո։ Այդ գրքերում թանգարանի գիտքարտուղարը զետեղել է Երևանին նվիրված վաղ միջնադարից մինչև մեր օրերը ստեղծված երգերն ու բանաստեղծությունները, որոնք հայտնաբերել է արխիվային ուսումնասիրությունների արդյունքում։