Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը և ԱԳ նախարարը ընդունել են Պոլսո Հայոց պատրիարքին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

Դռնփակ հանդիպմանը ներկա են եղել նաև Կրոնական ժողովի ատենապետ ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Պոլսո «Ժամանակ» պարբերականի հաղորդմամբ, մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը շեշտել է, որ հայ համայնքը Թուրքիայի համար անուրանալի արժեք ունի, և ինքը ուշադրությամբ է հետևում այս պատմական արժեքի պահպանմանը: Հանդիպման ավարտին կողմերը նվերներով են փոխանակվել:

Հայ համայնքի ներկայացուցիչներին Անկարայում ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա շնորհավորել է Մաշալյանին պատրիարք ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել հայ համայնքին:

«Կշարունակենք միասին աշխատել բազմամշակութային և հանդուրժողական մթնոլորտում», - թվիթերյան իր էջում գրել է Չավուշօղլուն:

Անցած տարվա դեկտեմբերին Սահակ Մաշալյանը հոգևոր ու աշխարհական պատվիրակներից կազմված Ազգային պատգամավորական ժողովի կողմից ընտրվել էր Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք՝ այսպիսով հանգուցալուծելով պատրիարքական ընտրությունների շուրջ առաջացած թնջուկը: Անցած շաբաթ էլ կայացավ արքեպիսկոպոս Մաշալյանի գահակալման հանդիսավոր արարողությունը՝ բարձրաստիճան հոգևորականների ու պետական այրերի մասնակցությամբ:

Պոլսո Հայոց պատրիարքը ավանդաբար համարվում է համայնքի ու պետության միջև կապող օղակն ու հայության շահերի ներկայացուցիչը իշխանությունների հետ հարաբերություններում: Այդ պատճառով էլ պատրիարքական ընտրությունները մշտապես եղել են թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Վերջին ընտրությունը ևս բացառություն չէր, և թուրքական պետության անթաքույց միջամտությունն, ըստ էության, վճռեց պատրիարքական ընտրությունների ելքը: Մասնավորապես՝ պետության կողմից ուղարկված վիճահարույց ընտրական կանոնադրության համաձայն սահմանափակվեց պատրիարքի աթոռին հավակնող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու իրավունքը:

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը, վերլուծելով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության տասնամյա գործընթացը, գրում է, թե թուրքական պետությունը իր նախընտրությունն է պարտադրում, երբ խոսքը գնում է փոքրամասնությունների համայնքների առաջնորդների ընտրության մասին՝ այսպիսով սահմանափակելով նրանց կրոնական ազատությունները:

Հղում կատարելով Թուրքիայում ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների իրավունքները սահմանող Լոզանի պայմանագրին՝ ամերիկյան պարբերականը փաստում է՝ թուրքական պետությունը պարբերաբար միջամտում է համայնքների ներքին գործերին՝ ջլատելով դրանք: Ավելին, փոքրամասնության համայնքները մինչ օրս չունեն իրավական կարգավիճակ, ինչը բազմիցս բարձրաձայնվել ու քննադատվել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի տարեկան զեկույցներում:

XS
SM
MD
LG