Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը կկատարի հատուկ կարիքներ ունեցող երեխաների մանկապարտեզի ֆինանսավորումը


Հաշմանդամություն ունեցող 24 երեխաների ծնողներ շուրջ մեկ շաբաթ ահազանգում էին, որ երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ տանել։ Նրանք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ ֆինանսավորումը դադարեցված է։

Նախարարությունն այսօր երկարաշունչ հայտարարություն էր տարածել՝ հրաժարվելով հարցազրույցներից։

Ծնողների հրավիրած ասուլիսից հետո Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ քննարկում են ունեցել։ Արդեն աշխատանքային օրվա վերջում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. - «Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից»:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հավելեց, որ թեև գիտեն, որ ոչ բոլոր մանկապարտեզներն ունեն համապատասխան գույք, շենքային պայմաններ ու մասնագետներ, այդուհանդերձ դրանք պատրաստ են ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաների. - «Ամեն ինչ գալիս է հայտից։ Կա պահանջանկ, ըստ այդ պահանջարկի համայնքը համապատասխան պայմաններ է ստեղծում։ Մենք այս հայտարարությամբ նշում ենք մեր սկզբունքները և մեր պատրաստակամությունը։ Քանի որ պետությունը հռչակել է համընդհանուր ներառականության գաղափարը, պատկերավոր ասած՝ դրել է նշաձողը, համայնքը պատրաստ է փնտրել այդ ուղիները, գտնել այդ միջոցները այդ պայմաններին համապատասխանելու համար»։

Որպես թիվ 92 մանկապարտեզի շենքի շարունակություն, 2015-ից կառուցվել ու գործում է այս կենտրոնը, որտեղ այսօր ֆիզիկական և մտավոր զարգացման առանձնահատկություն ունեցող 24 երեխա է հաճախում։ Ծնողները բողոքում էին, որ մյուս մասնաշենք չեն տանի իրենց երեխաներին, որովհետև մասնագետ, շենքային ու գույքային հարմարություններ չկան։

Այսօր ասուլիս հրավիրած ծնողներն իրենց սեփական պատմություններն էին պատմում, թե ինչ հաջողություններ են գրանցել իրենց փոքրիկներն այս մանկապարտեզ հաճախելով։

Ծնողները քաղաքապետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից զատ, նաև դպրոցի տնօրենին էին մատնանշում՝ ընդգծելով, թե տպավորություն է, որ նա նույնպես ցանկանում է գլուխը խնդիրներից ազատել։

Տնօրեն Կարինե Հարությունյանն ասաց, որ իրենք դիմել են նախարարություն, որպեսզի հասկանան, թե արդյոք կարող են մասնակցել հայտարարված մրցույթին, ստացել են պատասխան, որ չեն կարող, քան որ ՀՈԱԿ-ն այդպիսի իրավունք չունի։

«Ազատության» հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ պատկան բոլոր ատյաններին ասել են, որ առանց այս մանկապարտեզի երեխաների կյանքը կդժվարանա. - «Կիսում եմ ծնողների մտահոգությունը, որ շատ ճիշտ է, շատ օգտակար է, որպեսզի երեխան գա, հաճախի մանկապարտեզ»։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը տարեկան շուրջ 25 մլն դրամ համայնքային բյուջեից կտրամադրի, որպեսզի մանկապարտեզի այս խմբերը չփակվեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ ընդգծել է, որ իրենց սկզբունքային դիրքորոշումն է՝ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։

«Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի տնօրեն Հայկ Դավեյանին մտահոգում է այն, որ խնդիրները միշտ քննարկվում են կոնկրետ օրինակներով՝ մոռանալով համընդհանուր խնդրի մասին։ Փորձագետի կարծիքով, մանկապարտեզները ներառականության անցնելուց առաջ պետք է բոլոր առումներով դրան պատրաստ լինեն. - «24 երեխայի խնդիր չէ, ավելի շատ են այդ երեխաները, ովքեր հիմա տներում են։ Գրանցված են դպրոցում՝ տնային ուսուցմամբ։ Տնային ուսուցումը լրիվ հականերառական է, լրիվ ներառականության հետ կապ չունի։ Սա է իմ ասածը, մենք ամեն անգամ մասնավոր դեպքեր ենք քննարկում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG