Երևանի քաղաքային իշխանություններն այս տարվա ընթացքում 100-ի փոխարեն 500 նոր վերելակ են խոստանում տեղադրել բնակելի շենքերում: 2019-ի ավարտին Երևանում մեկնարկեց հին վերելակների փոխման գործընթացը, և 10 վարչական շրջանների 20 հին վերելակ փոխվեց նորով, ժամանակակիցով։
20 վերելակը պիլոտային նախագիծ էր, ընտրելիս հաշվի են առել վերելակների մաշվածության աստիճանը և մի շարք այլ չափանիշներ։ Նոր վերելակները ոչ միայն համապատասխանում եմ ժամանակակից պահանջներին, այլ նաև հարմարեցված են տեսողական, լսողական, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Փոխված վերելակով շենքի բնակիչներն ասում էին՝ Նոր տարվա նվեր է, ընդգծում էին՝ կարևորը մարդիկ հասկանան, որ պետք է պահել, չփչացնել։
«Մենակ սենց թողի բնակիչը, դա շատ կարևոր է, որովհետև այնտեղից էլ շինանյութ, էլ քարեր, ինչ ասես, կրում են, կրում են, չենք տեսնում՝ ով ա, ինչ ա, ոչ մաքրել կա, թե չէ, մենակ էս ա լավը, այնտեղ ահավոր ա», - ասաց բնակիչներից մեկը:
Մյուսն էլ նշեց. - «Հին վերելակը, երևի 75 թվականից մենք էստեղ ենք ապրում, էտ վերելակն էր»: Բնակիչները նշում են՝ հին վերելակը շատ վատ էր աշխատում, մշտապես տեխնիկական խնդիրներ էր ունենում:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները և գնումերից առաջացած տնտեսումներն են հնարավորություն տվել քաղաքապետարանին մտնել այս մասշտաբային ծրագրի մեջ։ Գումարի չափն անցնում է 7 միլարդ դրամը. - «Սկիզբը, այդ մեծ քայլն անում ենք, 500 վերելակից սկսում ենք, գնում ենք առաջ, տեսնենք, արդեն մնացածը կառավարության հետ համատեղ կհասկանանք, թե ինչպես ենք անելու»:
Նախկին իշխանությունների օրոք, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, այս խնդրին անդրադառնալիս հետևալ պատասխանն էինք լսում՝ «վերելակները ոչ թե քաղաքային իշխանությունների, այլ բնակիչների սեփականությունն են», ուստի հենց նրանք պետք է մտածեն դրանց անխափան աշխատանքի մասին: Իսկ քաղաքապետարանի, թաղապետարանի ֆինանսական աջակցությունը զուտ բարի կամքի դրսևորում է: Նոր իշխանությունները, չհերքելով այս հանգամանքը, այդուհանդերձ ընդգծում են՝ բնակչին առաջին հերթին աջակցել է պետք, հետո նոր հասկացնել իր մասնակցության կարևորությունը։
«Հիմա այստեղ մշակվել է այնպիսի ֆինանսական մոդել, որ քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետարանը, համայնքը համայնքային միջոցներով փոխարինում է վերելակները, և այնպիսի ֆինանսական մոդել է մշակվում, որ արդեն հաջորդ փոխարինման ցիկլի ժամանակ՝ 18 կամ 20 տարի հետո, քաղաքը, մասնավորապես համատիրությունները կունենան այդ միջոցները, և արդեն ինքնաբերաբար այդ փոխարինման պրոցեսը կընթանա, այսինքն՝ առհավետ այս խնդիրը լուծված է», - ասում է քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Սա լավ ցուցանիշ է», - գնահատում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որ նախկին և ներկա իշխանությունների հետ աշխատելու փորձ ունի։ Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ տարիներ շարունակ հնարավոր չեղավ այդ հարցը լուծել տնտեսումների հաշվին, ընդդիմադիր գործիչն ասաց՝ ավելի մանրամասն հնարավոր կլինի խոսել 2019թ. բյուջեի կատարողականի քննարկումներից հետո. - «Կհասկանանք, թե այդ միջոցները որտեղից են գոյացել, բայց ակնհայտ է, որ աշխատանքի կատարումն ինքնին լավ է», - նկատեց նա:
Խաժակյանը կարևորում է նաև վերելակների պատշաճ կառավարումը՝ շեշտելով զուգահեռաբար պետք է համատիրությունների բարեփոխման ծրագիր իրականացնել. - «Եվ այն պետք է իսկապես օրենսդրական բարեփոխումներով լուծվի և ոչ հատուկենտ փոփոխություններով, այլ ամբողջ օրենքը պետք է արդիականացվի: Մենք նախաձեռնել ենք քննարկումների շարք, որոնք այս տարի շարունակելու ենք, և դրա ողջ իմաստը լինելու է բարեփոխել համատիրություններն այնպես, որ դրանք դառնան վստահելի բնակիչների կողմից և կառավարվեն արդյունավետ, ու այն գումարները, որոնք տալիս են համատիրությանը, իսկապես ուղղվեն իրենց նպատակին»:
Մրցութային, գնման գործընթացի ավարտին անմիջապես կհաջորդի վերելակների փոխարինման գործընթացը։ Դեռ հստակ ցուցակ չկա, թե որ շենքերի վերելակներն են փոխվելու: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ ընտրությունը չի կատարվելու վարչական շրջանների համաչափության սկզբունքով, առաջնահերթությունը տրվելու է ամենավատ ու վտանգավոր վիճակում գտնվողներին։
ԱԻՆ Տեխնիկական անվտանգության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանի խոսքով՝ Երևանում 4000-ից ավելի վերալակներից 3547-ն են փորձաքննություն անցել, որից էլ 42-ը բացասական եզրակացություն է ստացել։ Մեծ մասը Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների վերելակներն են։
Հարցին՝ ունե՞ն արդեն այն ցանկը, որ պիտի հրատապ փոխման ենթակա վերելակները ներկայացնեն քաղաքապետին, նա պատասխանեց. - «Այդպիսի ցանկ կա, բոլոր ժամանակներում քաղաքապետարանի հետ մենք համագործակցում ենք, մեզանից ցուցակներն ուզում են, մենք տրամադրում ենք: Շատ ողջունելի ծրագիր է, որ Երևան քաղաքում 500 վերելակ փոխվի, քանի որ բոլոր վերելակներն արդեն ժամկետանց են»:
Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վերելակները, հենց մասնագետներրի խոսքով, շահագործման համար այլևս պիտանի չեն։ Տարիներ շաունակ վտանգելով իրենց կյանքը՝ մարդիկ ստիպված են վերուվար արել դրանցով։ Հիմա էլ վախով են մտնում վերելակ, բայց արդեն հույս կա, որ քիչ մնաց։