Քաղաքականությամբ պատահաբար եմ հետաքրքրվել Մարտի 1-ի, դրան նախորդող ու հաջորդող դեպքերից հետո, այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց դերասան Հովհաննես Ազոյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ:
«Մարտի 1-ի դեպքերից հետո ես որպես կոմեդիանտ շատ մեծ վնաս կրեցի հոգեբանական, որովհետև այդ ժողովրդին ծիծաղեցնել այդ դեպքերից հետո շատ դժվար էր, և իներցիայով գնացի, ինչքան կարողացա որպես կոմեդիանտ», - ասաց նա:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե ճիշտ է, որ նա վերջերս ծեծի է ենթարկվել ուրիշի կնոջը անպարկեշտ առաջարկ անելու համար, դերասանը արձագանքեց. - «Նախ ինձ ծեծի չեն ենթարկել, այդ անձը հասցրել է ինձ հարվածել, բայց ծեծի չեն ենթարկել: Ինչ վերաբերում է դեպքի բովանդակությանը, նախաքննություն է ընթանում, շատ մանրամասն չեմ ասի, կասեմ կարճ՝ այդ անձնավորությունը նեղացնում էր բոլորին այնտեղ, այդ միջավայրում մարդիկ հավաքվել էին և երաժշտություն էին վայելում, նեղացնում էր բոլորին՝ տղամարդ, թե կին, բոլոր աղջիկներին: Ես տեսա, որ այնտեղ ինչ-որ մի աղջկա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառում, ինձ էլ, իրեն էլ անծանոթ մի աղջկա: Կներեք, խմում են բոլորը, բայց այդպես չեն պահում բոլորը, իսկ ով որ հասարակական կարգ է խախտում, պիտի պատժվի», - պատմեց Ազոյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքակիրթ նկատողություն է արել այդ տղամարդուն, ինչից հետո կռիվ է հրահրել:
Մեկ այլ օգտատեր հետաքրքրվել էր, թե ինչու է դեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հավելելով, որ տպավորություն կա, որ անձնական և նախկինում «չմարսված գործնական հարցեր կան», ինչի պատճառով փորձում է վարկաբեկել Մարությանին: Հովհաննես Ազոյանը նախ նկատեց՝ քաղաքացու մոտ սխալ տպավորություն է. - «Հայկ Մարությանի հետ ես ընկերություն եմ արել 15 տարի հավանաբար, նրան շատ լավ ճանաչում եմ, նրա բնավորության գծերը, և ուրախ էի, որ նա սկսել էր հասարակական-քաղաքական գործունեություն: Շատ ուրախացա, որովհետև ես մի փոքր ավելի շուտ էի ակտիվ զբաղվում հասարակական գործունեությամբ, բայց շատ ուրախացա, որ զբաղվում է: Իմ քննադատություններն անձնավորված չէ, եկեք սա ֆիքսենք, իմ քննադատությունները երևույթին են ուղղված, ոչ թե ինչ-որ անձի, երբեք այդպես չի եղել, անգամ նախկին իշխանության ժամանակ»:
Ազոյանը նշեց՝ կարող է աղբահանության մասով գովեստի խոսքեր ասել. - «Վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է, գնահատում եմ նրա աշխատասիրությունը, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, աշխատասիրությունը պետք է ունենա բովանդակություն, ուղղվածություն, թիրախներ, կոնկրետ հեռահար նպատակներ ու դրանց լուծման ձևերը: Երբ ստանձնեց, մեր Երևանն այնքան խնդիրներ ուներ, որ ինքը այդ խնդիրների փլատակի տակից դեռ դուրս չի եկել, բայց ես՝ որպես պահանջատեր քաղաքացի, որ իր քվեն տվել է Մարությանին, պահանջելու եմ հետևողականորեն իմ պատկերացումները քաղաքի զարգացման գործում»:
Ինչ վերաբերում է այս կառավարության վերաբերյալ իր գնահատականին, ապա դերասանն ասաց. - «Սա այն կառավարությունն է, որին ես վստահում եմ, բայց ես հետևողական քննադատելու եմ, եթե քննադատելու առիթը տեսնեմ: Չի կարելի ասել՝ այո, սա այն կառավարությունն է, որի մասին երազում էինք և վերջ, նստենք բազմոցին և նայենք իրար երեսի: Ես դեմ եմ: Այո սա այն կառավարությունն է, որին մենք վստահում ենք, և մենք այս կառավարությունից պիտի պահանջենք բաներ, որը մեր կյանքը կսարքի ավելի բարեկեցիկ և կզարգացնի մեր պետությունը»:
Ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ.