Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի բացմանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։

Հայաստանի նախագահի գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից:

«Աբու Դաբի կայունության շաբաթը» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով, ասված է հաղորդագրությունում։

Ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակի» շնորհման արարողությունը:

Հայաստանի նախագահը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: «Ալ Ամալի»-ն Մարոկկոյի այն սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը:

«Զայեդ կայունության մրցանակը» շնորհվում է 2008-ից՝ նպատակ ունենալով խրախուսել առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG