Կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց տնտեսական արդյունքները։ Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, նաև բյուրոկրատիան մեծ ազդեցություն են ունենում ներդրողների վրա։
Վահագն Խաչատրյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։
Ստորև՝ հատված զրույցից.
«Ազատություն». - Ներդրումներին անդրադառնանք։ Դուք հրապարակավ ընդունել եք, որ հա, չկա համակարգային կոռուպցիա, շատ լավ, Փաշինյանը փայ չի մտնում, իր իշխանական վերնախավը բիզնեսներում չկա, նախկինների ճանապարհն էլ փակել են, բայց այնպես չէ, չէ՞, որ ներդրողները հերթ են կանգնել արդեն։
Վահագն Խաչատրյան. - Չէ, որովհետև ներդրումները ինքը յուրահատուկ բնագավառ է, և ներդրումները, ճիշտ եք ասում, շատ կարևոր հանգամանք է, որ կոռուպցիա չկա։ Սա առաջին պայմանն է, ի միջի այլոց, և՛ ներդրումների, և՛ բարեփոխումների համար։ Ցանկացած երկիր, եթե ցանկանում է ինքը փոխվի, ինքը զարգացում ապրի, առաջին հերթին պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, հնարավորինս մաքսիմալ։ Դա պետք է լինի ոչ միայն օրենսդրական առումով, իհարկե, բայց նաև անձնական օրինակով։ Որովհետև երբ որ, լավագույն օրինակը նույն Սինգապուրն է, հետևում ենք, Սինգապուրի օրինակին ծանոթանալիս տեսնում ենք, որ էնտեղ անձնական օրինակն է շատ մեծ դեր ունեցել՝ ինչպես է երկրի ղեկավարը կամ ղեկավարությունը իրեն պահել։
Երկրորդը, իհարկե, օրենսդրական դաշտը պետք է հնարավորին չափ սողանցքներ թույլ չտա այդ կոռուպցիոն գործընթացների համար։ Եվ էդտեղ, իհարկե, ամենամեծ, մեծ, մեծ նշանակությունն ունի բյուրոկրատիայի խնդիրը։ Ա՛յ մեր բացթողումը վերջին մեկուկես տարվա ընթացքում ես տեսնում եմ դրանում, որ....
«Ազատություն». - Իսկ դատակա՞նը։
Խաչատրյան. - Դա էլ իր հերթին։ Ես ի նկատի ունեմ ամեն ինչը, առանձնահատուկ հիմա կարող ենք ասել և՛ կառավարման համակարգը, և՛ որպես իշխանության առանձին օղակ՝ ամբողջ դատական համակարգը։
Իհարկե, տեսեք՝ դատական համակարգը ամեն առիթով իրեն զգացնել է տալիս, և բացասական կողմերով։ Այս դատական համակարգը ուղղակի ինքը սովոր չէ այսպիսի ազատ պայմաններում աշխատելու, ինքը սովոր չի առանց հեռախոսային զանգերի որոշումներ կատարելու, ինքը սովոր չի օրենսդրորեն իրեն տրված պարտականությունները կատարելու, որտեղ դատավորը ինքը պետք է որոշում կայացնի և ոչ թե որևիցե մեկի ցանկությունը հաշվի առնի։ Այսինքն՝ այս համակարգը ուղղակի էնքան հիվանդ է, որ սրան, ես գտնում եմ, որ վիրահատական միջամտությունները որևիցե ձևով չեն օգնի։
Ես ուրիշ տեսակետ ունեի դատական համակարգին՝ ընդհանրապես մի կողմ դնել, և նոր դատավորներ, նոր ընդհանրապես դատարան...զրոյից սկսել։ Նույնը, ի միջի այլոց, վերաբերում է ոստիկանությանը իմ մոտեցումը՝ ես ի նկատի ունեմ վրացական փորձը հատկապես ոստիկանության։ Բայց մենք ուրիշ ճանապարհով գնացինք՝ ներքաղաքական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, բայց տեսեք՝ հիմա ինչ լրջագույն պրոբլեմի ենք կանգնած հատկապես դատական համակարգի և էդ Սահմանադրական դատարանի չեղած պրոբլեմը մեծ պրոբլեմ դարձնելու իրավիճակում։
Սա մեծ՝ բացասական առումով, ազդեցություն ունի ներդրողների համար, որովհետև ի վերջո՝ ներդրողի համար ամենակարևորը՝ ինչքանով է ինքը պաշտպանված....
«Ազատություն». - Եվ արդարություն կա՞ երկրում, թե՞ չէ։
Խաչատրյան. - Հա, ինքը իր պաշտպանվածությունը դրա մեջ է տեսնում։ Ի միջի այլոց, ինքը, եթե նույնիսկ արդարությանը մի կողմ թողնենք, ինքը եթե համոզված լինի, որ իրավունքները պաշտպանված են դատական համակարգում, և ինքը կարող է տեղական դատական ատյաններում և հետագայում դրսում պաշտպանի, համոզված եմ, որ դա իր համար գոնե հարցի մի մասը լուծած կլինի՝ մեծ մասը։ Բայց քանի որ դա չկա, ուրիշ է։
Եվ երկրորդը, իհարկե, բյուրոկրատիայի խնդիրը։ Մեր բյուրոկրատիան այսօր, ոչ ոք թող չվիրավորվի, ոչ ոք թող չնեղանա, ինքը խանգարող հանգամանք է երկրի և՛ զարգացման, և՛ ներդրումների համար։
Պատահական չէր Նիկոլ Փաշինյանի խոսքը տարվա վերջին՝ հատկապես պետական ապարատի դիմադրության մասին, բայց ես պետական ապարատի դիմադրության մասին չեմ ուզում խոսել, ես խնդիրը այլ տեղ եմ տեսնում։ Ես խնդիրը դնում եմ հարց դնողների, ավելի շուտ՝ կառավարիչների, բարձր մակարդակի կառավարիչների մեջ եմ խնդիրը տեսնում. Ես համոզված չեմ, որ իրենք խնդիրը դրել են էնպիսին, որ իրենց ենթակաները էդ խնդիրները չեն կատարում, չգիտեմ՝ էդ խնդիրը ձևակերպվա՞ծ է, թե՞ ոչ։ Ես մեր երկրում որպես պրոբլեմ կառավարման արդյունավետությունն եմ տեսնում։
«Ազատություն». - Այսինքն՝ պատասխանատվությունը, այնուամենայնիվ, վերևում եք տեսնում։
Խաչատրյան. - Ես, էդպես էլ պետք է լինի, ես չեմ կարող ուրիշ...
«Ազատություն». - Իհարկե։
Խաչատրյան. - Ի վերջո, եթե մենք ճանաչում ենք առաջին դեմքերին և պարբերաբար տեսնում ենք այդ մարդկանց հեռուստաէկրանների առջև, մենք իրենցից ենք պահանջելու։ Մենք ի՞նչ գործ ունենք՝ իր ենթական, կամ իր ենթակայի ենթական ինչպես է աշխատում։ Հա, դուք մեխանիզմներ ստեղծեք....
Եվ մի հանգամանք էլ չեմ ընդունում, ի միջի այլոց, սա վաղուց եկած հանգամանք է, դեռևս այն տարիներին, երբ որ ես էլ էի աշխատում պետական համակարգում, որ ցածր աշխատավարձ, և այլն, և այլն.... Եկեք, գիտե՞ք ինչ կա, մրցակցային դաշտ ստեղծենք՝ միգուցե էդ ցածր աշխատավարձը ինչ-որ մարդկանց բավարարո՞ւմ է, եթե ցածր է աշխատավարձը։ Եթե տեսնում ենք, որ չէ, էդ դեպքում եկեք մտածենք, իսկապես աշխատավարձը բարձրացնենք կամ այլ պայմաններ ստեղծենք, որովհետև ի վերջո պետական համակարգում աշխատելու արդյունավետության բարձրացնելու միջոցներից մեկը շահագրգռվածության էդ էլեմենտները ստեղծելն է։
«Ազատություն». - Պարգևավճարը դա՞ չէ։
Խաչատրյան. - Պարգևավճար՝ մեկ, կենսաթոշակ, բնակարանային պայմաններ, այսինքն՝ սոցիալական խնդիրները միշտ ավելի գրավիչ են եղել պետական կառավարման համակարգում, քան թե կոնկրետ աշխատավարձը։ Մենք պետք է կարողանանք սա էլ ընտրենք՝ որ մոդելն ենք ընտրում, և էդ մոդելի ընտրության ժամանակ էլ հետո կարող ենք արդեն գնահատել, որովհետև այսօր նույն ներդրումների առումով մեր չինովնիկները պարզապես իրենց անգործունեությամբ խոչընդոտում են, որպեսզի մարդը երկրում գա, ցանկություն ունի ներդրում անել։ Ես չեմ ուզում էսօր օրինակները բերեմ, որովհետև կարող է օրինակները բերենք, էն մյուսն էլ ասի՝ էդ ներդրողը ուղղակի եկել էր։ Բայց փաստը մնում է փաստ, որ մարդը երբ որ դիմում է, իրեն պատասխանը տալիս են ոչ էն ժամանակներում, որ օրենքով նախատեսված է։
«Ազատություն». - Ձգձգում են։
Խաչատրյան. - Ձգձգում են։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի հունվարի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.