Մատչելիության հղումներ

Ֆեյք նյուզ և ատելության խոսք. «Ըստ էության»


Օրերս կալանավորվեց «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան էջը վարող երիտասարդը։ Նա տարիներ շարունակ տեղեկություններ էր տարածում սոցիալական ցանցում, իսկ վերջին գրառումը միջպետական խնդիրների պատճառ կարող էր դառնալ։ Հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի բարձրաստիճան զինվորական Քասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։

Հեղափոխությունից հետո Հայաստանում լայն տարածում ստացած «ֆեյք նյուզ» երևույթն են քննարկում «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը և Սարգիս Խանդանյանը, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Անի, երբ քննադատում եք իշխանություններին, վստահաբար՝ վարչապետի երդվյալ հետևորդները, համակիրները ձեզ սոցիալական ցանցերում դրա համար հայհոյում են։ Բայց Դուք կարո՞ղ եք ասել, որ դա համակարգված է։​

Անի Սամսոնյան. - Ես կարող եմ ասել, որ համակարգված է, որովհետև դրանք անում են կոնկրետ ֆեյք էջեր, մենք քարտեզագրում ենք այդ ֆեյք էջերի ընդհանրապես աշխատանքը, թե նրանք որտեղ են գնում, ում էջերն են լայքում, ում գրառումներն են, օրինակ, լայքում։ Կան, օրինակ, ֆեյքեր, որոնք միայն լայքում են, կան ֆեյքեր, որոնք հատուկ մեկնաբանություններ են թողնում, կան ֆեյքեր, ովքեր աշխատում են հատուկ մարդկանց համար, օրինակ՝ վարչապետի համար, օրինակ՝ իշխանության որոշ ներկայացուցիչների համար։ Եվ այս շարժը կանոնավոր է, այսինքն՝ այստեղ կա շատ մի համակարգված աշխատանք, որ եթե դուք երկար ժամանակ, տևականորեն ուսումնասիրեք, դուք ինքներդ էլ կհասկանաք, որ այդ համակարգված աշխատանքը իսկապես կարող է կառավարվել որևէ մեկ կենտրոնից։

«Ազատություն». - Իշխանությունների՞ կողմից։

Սամսոնյան. - Գիտե՞ք, ես չեմ կարող մտածել, որ այդ համակարգը աշխատում է, օրինակ, «Բարգավաճ Հայաստան»-ի համար, «Լուսավոր Հայաստան»-ի համար, դաշնակների համար, կամ, չգիտեմ, «Սասնա Ծռեր»-ի համար, կամ մեկ այլ կուսակցությունների համար, եթե այդ համակարգված խումբը աշխատում է իշխանության համար դրական իմաստով և աշխատում է ընդդիմության դեմ բացասական իմաստով։ Սա ենք մենք արձանագրել, որ ասում ենք։

«Ազատություն». - Բայց մյուս կողմից, Անի, իրենց էլ են չէ՞ հայհոյում և անգամ չեն էլ բացահայտվում այդ հայհոյողները։ Եվ անգամ վարչապետին են հայհոյում։

Սամսոնյան. - Բնական է, որ իշխանությունն էլ ունի ընդդիմախոսների մեկ այլ շրջանակ, որը ևս օգտագործում է մեզ համար այդ անթույլատրելի մեթոդները, ես դա չեմ բացառում։

Գայանե Աբրահամյան. - Ինքս ևս մոնիթորինգ եմ անում այդ բոլոր, հատկապես անցած տարի հունիսից, հունիս-հուլիս և այդ շատ մոտ հետհեղափոխական շրջանում, ֆեյքային այդ բոլոր ֆաբրիկաների, էդպես, տեղաշարժերը, տրամադրությունների, վերբալ, էդպես, անգամ, բառամթերքի տարբերությունները և փոփոխությունները։ Շատ հստակ, եթե այն, հատկապես այն ֆեյքերը, որոնք որոշակի հայհոյանքի էդպես տարածքում էին մինչ հեղափոխական շրջանը, և հայհոյանքի հիմնական թիրախը հեղափոխություն իրականացնողներն էին, իրենք միանգամից հետո փոխվեցին։ Եվ ես էստեղ հստակ տեսնում եմ այն միտումը, որ դա հատուկ արվում էր՝ իբրև թե ցույց տալու, որ «տեսե՛ք, իշխանությունը ֆեյքային էդպես բանակներ է օգտագործում ընդդիմախոսների դեմ», մինչդեռ իրականում սա հենց խփում էր առաջինը իշխանությանը։

Ես պարզ մի օրինակ եմ բերում անընդհատ այս պնդումներին, որ իշխանությունն է այդպիսի ֆեյքային բանակներ օգտագործում. իշխանությունը այնքան տրամաբանություն և բանականություն գոնե ունի, վստահաբար ունի, որ այդպիսի ֆեյքային բանակներ ունենալու դեպքում կօգտագործեր նախ հայալեզու, կօգտագործեր մի փոքր ավելի նորմալ բառամթերք, և շատ ավելի տրամաբանված, ճիշտ խոսքով կփորձեր հակազդել իրենց ընդդիմախոսներին։ Այսինքն՝ այսպիսի սարսափելի բառամթերքով աջակիցներ որևէ իշխանությունը չի ուզենա ունենալ, որովհետև դա խոսում է իր որակի մասին։

Սարգիս Խանդանյան. - Կա զրո փաստ, որ իշխանությունները ունեն ֆեյքեր։ Մյուս խմբերի մասին, որի մասին Անին նշում էր, կան փաստեր, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեյքային էդ խմբի մասին սքրինշոթերով նախընտրական շրջանում հայտնվեցին փաստեր, Քոչարյանի աջակիցների շրջանում հայտնվեցին փաստեր։

«Ազատություն». - Fip.am-ի բացահայտումնե՞րն ի նկատի ունեք։

Խանդանյան. - Այո, նաև տարածվեցին էդ սքրինշոթերը։ Իշխանությունների մասով՝ չկա, կա զրո ապացույց, որ իշխանություններն ունեն սայթեր։

«Ազատություն». - Բայց ասաց, չէ՞, Սամսոնյանը։

Խանդանյան. - Ես խնդրում եմ՝ բացահայտեք, մենք էլ իմանանք։ Իսկապես, որովհետև էդպես օդ բաց թողնված խոսքեր են, և ինձ համար միշտ հարց է առաջանում՝ իշխանությունների ինչի՞ն են պետք ֆեյքերը, եթե էս իշխանություններն ունեն լիակատար հանրային աջակցություն, և իրական մարդիկ են էս մարդկանց աջակցում։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG