Մատչելիության հղումներ

Երևանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150-ամյակը նշանավորել է «Կոմիտասը և մենք» փառատոնով


Հարություն Թոփիկյան
Հարություն Թոփիկյան

1996 թվականին անվանի խմբավար Հարություն Թոփիկյանը հիմնադրեց Երևանի կամերային երգչախումբը, որը 2005 թվականից սկսած պետական կարգավիճակ ունի։ Երգչախումբը այս ընթացքում մեծ քանակով խմբերգեր են ձայնագրել՝ այդ թվում և կոմիտասյան 147 խմբերգերը։

Ի դեպ, 1991 թվականին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած երգչախմբային միջազգային բացօթյա փառատոնի ժամանակ Հարություն Թոփիկյանը 20 հազար երգիչներից բացկացած երգչախումբ է ղեկավարել ՝ 500 հազար ունկնդիրների ներկայությամբ։

Բնականաբար Հարություն Թոփիկյանն ու նրա ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախումբը չէին կարող անմասն մնալ 2019 թվականի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված իրադարձություններից և նախաձեռնել են «Կոմիտասը և մենք» խորագրով 7 համերգներից բաղկացած հոբելյանական երգչախմբային փառատոն։

«Բացառիկ հանդուգն ծրագիր էր իմ կողմից, և ես անչափ շնորհակալ եմ և ուզում եմ այս շեշտը լինի. իմ գործընկերները, որոնք միացան այդ խենթ ծրագրին՝ ամբողջ Կոմիտասը նորից բեմից կատարելուն։ Որպես շարունակություն ասեմ նաև, որ մենք երգչախումբ ենք, որը 1996 թվականին ձայնագրեց և առայսօր մնում է հավատարիմ իր հավատամքին՝ կատարել, ձայնագրել, տարածել կոմիտասյան արվեստը։ Պիտի ասեմ, որ հիշարժան են Գարեգին Առաջին մեր Վեհափառ տիրոջ հետ իմ չորս հանդիպումները կապված այս ծրագրի հետ, որը ինքը հետագայում հովանավորեց։ Այն ժամանակ պետական մեր ձայնադարանում կար կատարված պաշտոնական ընդամենը կոմիտասյան 23 ստեղծագործություն։ Եվ երբ որ մենք ավարտեցինք այդ մեծ ծրագիրը, 147 խմբերգերը լրացան», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թոփիկյանը։

Եվ ահա այս հոբելյանական փառատոնի ընթացքում Երևանի կամերային պետական երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ երաժշտասերներին է ներկայացրել կոմիտասյան բոլոր խմբերգերը, իհարկե նաև այլ խմբերգային կատարումներ. - «Այդ նույն 147 և ավելի խմբերգեր մենք բեմից ներկայացրել ենք։ Սակայն այստեղ առավել մեծ ծրագիր էր, որովհետև շատ կարևոր էր Կոմիտասի 150-ամյակին բերել, մեկտեղել՝ այսօրվա կոմպոզիտորական միտքը, որն ունի իր մեջ Կոմիտասին, ինչպես է մտածում, ինչպես է շարունակում Կոմիտասի գործը»։

Կոմիտասյան խմբերգերի հետ փառատոնի ընթացքում ներկայացվել են նաև մեր լավագույն կոմպոզիտորների՝ Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, նաև երիտասարդ կոմպոզիտորներ Արսեն Հարությունյանի, Վահե Հայրապետյանի , Ժիրայր Շահրիմանյանի և այլոց ստեղծագործությունները։

Իսկ այս տարի, արդեն փետրվարի առաջին տասնօրյակում երգչախումբը ծրագրում է Երուսաղեմում հանդես գալ տոնական համերգով, որի ընթացքում ամբողջովին միմիայն Կոմիտաս է հնչելու, այդ թվում և նրա «Բեռլինյան պատարագը», իսկ վերադարձից հետո կրկին նույն համերգը տեղի կունենա նաև Երևանում մեր երաժշտասերների համար՝ այսպիսով ամփոփելով «Կոմիտասը և մենք» հոբելյանական փառատոնը։

Հավելենք, որ հաջորդ ամսին երգչախումբը Իսրայել պիտի մեկնի ոչ թե պետական, այլ անհատ հովանավորի աջակցությամբ, իսկ «Կոմիտասը և մենք» երգչախմբային փառատոնն իրականացրել է միմիայն իր միջոցներով. - «Տարիներ շարունակ մյուս երգչախմբերը ստացել են հավելում հոնորարային, մենք՝ ոչ։ Ի՞նչն է խնդիրը։ Շատ անարժան ձևով իներցիայի մեջ է մտել, որ բոլոր պետական պատվերները կամ հրավերները արվում են միայն երկու երգչախմբերի համար։ Երևանի պետական կամերային երգչախումբը չկա, մեզ ոչ մի պատվեր չի եղել։ Ես մի քիչ ակտիվ եմ խոսում, բայց ոչ նեղացած։ Ուզում եմ այս հարցը լուծվի, այս իներցիան վերջանա. 150-ամյակին ոչ մի պատվեր Կոմիտաս կատարելու մեզ չեղավ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG