Վլադիմիր Կարապետյանն այսօրվանից չի կատարում Հայաստանի վարչապետի խոսնակի պարտականությունները։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - Ֆեյսբուքում գրում է Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նախօրեին, այն հրապարակված է Կառավարության e-gov.am կայքում։
Պատճառները ո՛չ Կարապետյանի գրառման, ո՛չ վարչապետի որոշման մեջ նշված չեն։
Վլադիմիր Կարապետյանը պետության ղեկավարի խոսնակ էր նշանակվել 2019 թվականի հունվարի վերջին։