Մատչելիության հղումներ

Հայաստանում ապաստան հայցողների թվով առաջինն իրանցիներն են


Միգրացիոն ծառայության հատուկ կացարանը ապաստան հայցողների համար
Միգրացիոն ծառայության հատուկ կացարանը ապաստան հայցողների համար

Իրանցիները Հայաստանում ապաստան հայցողների թվով առաջինն են։ Միգրացիոն ծառայության տվյալով, նախորդ տարվա 9 ամսիներին մեր երկիրը ապաստանի հայց ստացել է 167 անձանցից, նրանցից 67-ը իրանցիներ են։

«Առաջատար երկրների ցանկում են Իրանը, Սիրիան, Կուբան և Իրաքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

2018-ին՝ 57, իսկ 2017 թվականին ընդամենը 13 քաղաքացի է Իրանից այստեղ ապաստան հայցել։ Նելլի Դավթյանը տրամաբանական է համարում այս վիճակագրությունը. - «Մարդը, ով կարիքի մեջ է, հալածանքներից փրկության կարիք ունի, դա է փախստականի կարգավիճակի հիմքը, դիմում է ամենամոտ հնարավոր երկիրը, որը իրականացնում է այս ընթացակարգը և կարող է իրեն պաշտպանություն տալ։ Կուզեի շեշտադրել, որ սա հատկապես մարդու իրավունքների ոլորտում է այս գործառույթը իրականացվում, դուրս է բոլոր տեսակի քաղաքական հարցերից»։

Ապաստանի համար դիմած 67 իրանցիներից 20-ը ստացել են փախստականի կարգավիճակ։ Ուսումնասիրվում է դիմողի պատմությունը, ծագման երկրի իրավիճակը, և եթե մարդն ունի հետապնդման հիմնավոր երկյուղ, նրան տրվում է փախստականի կարգավիճակ։

Հիմքմերը 5-ն են՝ կրոնական, ազգային, ռասայական, քաղաքական հայացքները կամ պատկանելությունը սոցիալական որոշակի խմբի։ Ապաստան հայցողները տեղ են ստանում Միգրացիոն ծառայության հատուկ կացարանում, որը, ի տարբերություն այլ երկրների, քաղաքից դուրս, փշալարերով փակված գերփակ հաստատություն չէ, թեև որոշ սահմանափակումներ կան։

Դավթյանի խոսքով, հատուկ կացարանի 40-50 տեղերը միշտ չեն բավականացնում են. - «Ապաստան հայցողների քանակը մշտապես ավելին է լինում, և մենք նախաձեռնել ենք Աբովյան քաղաքում նոր հատուկ կացարանի կառուցում 100 անձանց համար։ Հուսով ենք, որ այս տարվա ավարտին արդեն շոշափելի արդյունքներ կունենանք»։

Մինչև նոր տեղերի ավելացումը ապաստան հայցողների բնակությունը հոգում է պետբյուջեն. ընտանիքը գումար է ստանում տուն վարձակալելու համար։ Ի դեպ, մինչև կարգավիճակ ստանալն այս մարդիկ ունեն աշխատանքի իրավունք։ Հետո՝ եթե նրանց հայցը բավարարվում է, կան ինտեգրման ծրագրեր՝ լեզվի ուսուցումից մինչև քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ. - «Ընդհանուր տեղեկություններ այն երկրի մասին, որտեղ իրենք գտնվում են։ Կարող է իրենք նույնիսկ պատկերացում չունենան, թե հարյուր դրամը կամ հազար դրամը ինչին կհերիքի։ Մարդու իրավունքների պաշտպանին ենք հրավիրում անձամբ իրենց հետ հանդիպման։ Այսինքն այն առաջին գիտելիքները, որ պետք է իմանալ այս երկրի մասին, մենք տալիս ենք, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչպես ապրել, տեղավորվել, որտեղ են գտնվում, ինչ ընդհանուր կարգուկանոն կա»։

Այս ամենի կարիքը Իրանից Հայաստանում ապաստան հայցած ու ստացած Բաբաք Աշթարին արդեն չունի։ Նա ապրում ու աշխատում է Երևանում։

Հարցին, թե ինչու է Իրանն առաջատար ապաստան հայցող երկրների շարքում, նա պատասխանում է. - «Կարող ա ազատությունների խնդիր ունի... չգիտեմ, ուզում են ալկոհոլ խմել։ Ես չեկ կարա ասեմ ինչի համար գալիս են էստեղ։ Ես գիտեմ, ես ինչի համար եմ եկել»։

Բաբաք Աշթարին չի մանրամասնում այն, թե ինչ իրեն ստիպել է հեռանալ Իրանից, բայց ընդհանուր առմամբ՝ ազատությունն է. - «Հայաստանում ազատ ա։ Մեր ժողովրդի համար, ափսոս, մի քիչ դժվար ա։ Կարծում են էստեղ ավելի հանգիստ կարող են ապրել։ Չգիտեմ։ Ինչքան են գալիս էստեղ՝ չգիտեմ, ինչի համար են գալիս՝ չգիտեմ։ Բայց, փառք Տիրոջը, էստեղ ազատություն կա»։

Այս օրերին Աշթարին լարված հետևում է Իրանի շուրջ զարգացումներին, բայց այնտեղ այլևս հարազատներ չունի, իսկ ընկերներն այստեղ են. - «Ի՞նչ կարամ անեմ։ Ոչ մի բան»։

Պլանները միայն Հայաստանի հետ են կապված, ահա թե ինչու նա արդյունավետ դասընթաց է փնտրում հայերենի կատարելագործման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG