Հունվարի 5-ին Երևանի կենտրոնում 16-ամյա աղջկա սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գյումրիում գրանցված, այժմ Երևանի բնակիչ 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որն այժմ ծառայում է Պաշտպանության նախարարությունում։
Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել է սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Սպանության մեջ կասկածվող երիտասարդի հայրը՝ Արա Սուքիասյանը, որը բնակվում է Գյումրիում ու աշխատում կրթության ոլորտում, ասում է՝ իրեն տարօրինակ է թվում, որ որդին հրաժարվել է փաստաբանից ու նման ցուցմունք տվել. - «Երբ որ ես տեսա՝ իրա ձեռքերը ոլորած տանում են, ես արդեն հասկացա, որ ինքը կոտրված է: Ոստիկանական միջավայրում իրեն ինչ ասեին, ինքն արդեն ստրուկ էր դարձել, ինչ ասեին, կներծծեր ու դա կպատասխաներ, կտային իրենց ուզած պատասխանը: Ինձ Ռաֆայելի ներկայությունը գիշերը այդ հասցեում կհամոզի միայն, միայն կհամոզի ոչ թե քննիչի ասածը կամ իրա ասածը նույնիսկ, այլ գեոլոկացիոն այդ տվյալը, որ իրոք իր հեռախոսն այդտեղ գտնվել է»:
Սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանը փաստաբան դեռ չունի, հայրը ևս դեռևս չի հանդիպել նրան։
16-ամյա զոհի ինքնությունը իրավապահները չեն հայտնում, ոստիկանությունից նշում են, որ աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր են հայտնաբերել, իսկ նրա դին անկողնում է եղել իր վարձակալած բնակարանում՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում։
Հարևանները սպանված անչափահաս աղջկա մասին գրեթե ոչինչ չգիտեին, միայն նշում էին, որ շենքում վարձով էր բնակվում. - «Այդ աղջիկը վարձով էր ապրում, բայց ես էտ աղջկան չեմ տեսել, չեմ ճանաչում, գիտեմ, որ ինչ-որ ռիժի մազերով աղջիկ է եղել»:
Մեկ այլ հարևանուհին էլ ասում է. - «Տելեվիզրը միացրեցի, որ ասաց 15 շենքը, վայ ասի՝ 15-ը մերն ա, էս ինչ ա պատահել: Էտ ա, թե չէ ուրիշ ոչ մի տեղեկություն ես չունեմ»:
Համենայնդեպս հարևանները հայտնում են, որ շենքի տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, որոնք կարող են օժանդակել իրավապահներին հանցագործությունը բացահայտելու գործում. - «Կամերաներ, իմ տանը վերևը կամերա բերել են, էստեղ կան»:
1 օրում հանրային լայն քննարկումներ հարուցած դաժան սպանության մասին դատողություններ անելուց առաջ նախ տեղեկություններ են հարկավոր, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ նկատելով, որ հանրության մի հատված տեղի ունեցածն արդեն քննարկում է անչափահաս զոհին մեղադրելու տրամադրությամբ: Նման մեկնաբանությունների հանդիպեցինք նաև մենք սպանված աղջկա հարևանների հետ զրուցելիս։
«Իմ անձնական դիտարկումն այն է, որ 16 տարեկանը դեռևս երեխա է՝ ելնելով իհարկե անհատական դիտարկումներից, քանի որ ունեմ այդ տարիքի աղջիկներ, բայց, իհարկե, կա խնդիր, թե ինչու պիտի կատարվի սպանությունը», - նկատեց նա:
Եթե ոստիկանությունը կադրեր է հրապարակել Սուքիասյանի ձերբակալությունից, ապա Shamshyan.com կայքը դեպքի վայրից է ֆոտոռեպորտաժ արել, որի լուսանկարները տարածվել են տարբեր լրատվամիջոցներում։ Ըստ իրավապաշտպանի, առաջին դեպքը չէ, երբ նման հրապարակումները խախտում են մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը. - «Հրապարակվում են լուսանկարներ, որոնք անձնական կյանքի մանրամասներ են պարունակում՝ անկողին, մերկ ոտքեր և այլն: Եվ դա ևս նյութ է հանդիսանում հասարակության համար՝ հետմահու վարկաբեկել զոհին և ասել՝ եթե մարդը զբաղվել է սեռական կյանքով կամ նմանատիպ կյանք է ունեցել 16 տարեկանում, ուրեմն նրա ճակատագիրն արդեն կանխորոշված է եղել»: