Ճիշտ հարյուր տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի հունվարի 7-ին հեռավոր, ցրտաշունչ Օրենբուրգում աչքերն ընդմիշտ փակեց մեր մեծագույն պոետը՝ Վահան Տերյանը։ Ընդամենը 35 տարեկանում ծանրագույն աշխատանքից, գերլարումից ու թերսնումից անբուժելի թոքախտով հիվանդ բանաստեղծի վերջին օրերն ու ժամերը մեզ են ներկայանում նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի թողած հուշերի շնորհիվ։
Բազմաթիվ գրականագետների համոզմամբ, Վահան Տերյանի թողած գրական ժառանգությունը իր թե' ազգային, թե' համամարդկային արժեքների հագեցվածությամբ բացառիկ է, ինչպես բացառիկ է ինքը պոետը, որը հեղաշրջեց 20-րդ դարասկզբի հայ պոզիան և գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք, նոր գրական լեզու և ի վերջո, բոլորովին նոր՝ արևմտաեվրոպական պոեզիա հայ իրականության մեջ։
«Տերյանը մեր պոեզիան ավելի մերձեցրեց եվրոպական բանաստեղծության ընթացքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ - «Նրա հարաբերությունը ռուսական այդ շրջանի պոեզիայի հետ, որը շատ բարձր երևույթ է՝ հատկապես իր սիմվոլիստական դրսևորումներով, գրական լեզվի նորույթը, այդ լեզվով բանաստեղծություն մենք դեռ չէինք ունեցել, որը՝ լեզվական այդ որակը հետագայում դարձավ տիրապետող ընդհանրապես մեր լեզվի համար, տաղաչափական ամենաբազմազան ձևերի կիրառություն, թարգմանական կուլտուրայի նորովի ներմուծումը, հիշենք Տերյանի բոդլերյան, հատկապես ուայլդյան թարգմանությունները, որ այսօրվա հայացքով անգամ գլուծգործոցներ են։ Եվ իր հավատարմությունը հայ բանաստեղծության ակունքին, հայ բանաստեղծության տաղաչափական յուրահատկություններին, հայ բանաստեղծության նախկին հարստություններին, և դրանց չափազանց լուրջ ներդաշնակումը համաշխարհային ընթացքին, և դրանով իսկ՝ ուղղակի անկրկնելի բանաստեղծ և ուսուցիչ հետագա մեր բոլոր բանաստեղծների համար»։
Տերյանի մասին խոսելիս, հավանաբար չի կարելի չմեջբերել մեր գրականության մեկ այլ մեծերից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի խոսքը. - «Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազդային անորոշ թրթիռները, որոնք անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն հայոց լեզու կարող էր հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանի հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ։ Արդյոք այս նույն երևույթը ի նկատի չունի Աստվածաշունչը ՝ «Ի սզբանե էր Բանն....»։ Միայն։ Տերյանն, այո, հայոց լեզվին բան տվեց։ Եվ լեզուն, որ ամբողջ մշակույթի հիմքն ու հենքն է, յուրացնել սկսեց երևույթներ, որ մինչև Տերյանը միայն ուրվագծել էր զորում»։
Իսկ Պարույր Սևակը Տերյանին հետևյալ կերպ է ներկայացրել. - «Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ։ Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ ինքդ տակավին եղել ես անլեզու։ Սերդ ես խոստովանել՝ նրա լեզվով, կարոտդ ես թեթևացրել՝ նրա բառերով, թախծել ես՝ նա քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով։ Տերյանը... ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար»։
Եղիշե Չարենցն իր ժամանակին Տերյանին ի խորոց սրտի հետևյալ տողերն է հղել. - «Եվ նորից զգանք, որ մեր սրտին դու մոտ ես՝ մորմոքող հրի պես մեր հիվանդ արյան։ Որ լուսե երգին քո՝ մեր հոգին կարոտ է , օ հեռու ընկեր իմ, օ Վահան Տերյան»։
Ավետիք Իսահակյանն էլ մեծի իր իրավունքով փաստում է. - «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և սերը, և հայրենիքն, և բնությունը։ Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն։ Նրա բանաստեղծությունները կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար՝ որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»։