Մատչելիության հղումներ

ԱՄՀ. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 2020-ին Հայաստանն Ադրբեջանից ու Վրաստանից առաջ է անցնելու


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ, IMF) տվյալներով՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից ու Ադրբեջանից։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն՝ 2020-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4 հազար 760 դոլար, այն պարագայում, երբ հարևան Ադրբեջանում այն կկազմի 4 հազար 720, իսկ Վրաստանում՝ է՛լ ավելի քիչ՝ 4 հազար 630 դոլար։

Ֆեյսբուքյան գրառմամբ թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. - «Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։

«Ազատության» հետ զրույցում տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը երկու գործոն առանձնացրեց. - «Դա պայմանավորված է համախառն ներքին արդյունքի բացարձակ թվով, բայց արտահայտված դոլարային արտահայտությամբ, և, իհարկե, ազգաբնակչության թվաքանակով։ Վերջին երեք տարիների դիտարկումներ անենք՝ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի աճի տոկոսն է բավականին բարձր եղել՝ 7,5 փաստորեն 17-ին էր, 6 ու քանիս 18-ին էր և 19 թվականին արդեն 7,5 տոկոս էր։ Այսինքն՝ սա պայմանավորված էր այդ հանգամանքով, որ տնտեսական աճ էր ուղղակի բավականին բարձր, որը չկա մեր հարևան երկու երկրներում՝ Վրաստանը և Ադրբեջանը ի նկատի ունեմ, որովհետև մինչ այդ մենք այդ ցուցանիշով զիջում էինք էդ երկու երկրներին և տարածաշրջանում, եթե ավելացնենք Թուրքիան և Իրանը, վերջին տեղում էինք»։ «Եվ երկրորդ հանգամանքը կար, որը շատ էական նաև ազդեցությունի ունի՝ մեզ մոտ դրամը բավականին կայուն էր, եթե մենք նայում ենք էլի նույն վերջին երեք տարիներին դրամ-դոլար կամ դրամ-եվրո՝ արտարժույթի հետ համեմատությունները, մենք էլի պետք է արձանագրենք, որ մեզ մոտ բավականին կայուն է եղել՝ 480, 475-485-ի սահմաններում է եղել մեկ դոլարը դրամային արտահայտությամբ, իսկ հարևան երկրներում՝ համարյա բոլոր երկրներում, այդ թվում նաև՝ Իրան և Թուրքիա, տեղի է ունեցել արժեզրկում, որը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի առումով Հայաստանին թույլ է տվել բավականին բարձր ցուցանիշ», - շարունակեց տնտեսագետը։

Շուտով կլրանա 30-րդ տարին, ինչ Հայաստանն ու խորհրդային մյուս 14 հանրապետությունները անկախություն նվաճեցին։ Եթե հիմք ընդունենք ԱՄՀ-ի այս վերջին թվերը, տեսնում ենք, որ տնտեսական հաջողությունների առումով Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցրել. կանխատեսման համաձայն՝ 2020-ի արդյունքներով 15 հանրապետությունների շարքում Հայաստանը կզբաղեցնի 8-րդ տեղը, չնայած 1988 թվականի երկրաշարժին, ղարաբաղյան պատերազմին, շարունակվող շրջափակմանը և տասնամյակներ տևած կոռումպացված համակարգին։

Ըստ ԱՄՀ-ի, հետխորհրդային երկրներից 2020 թվականին առաջին տեղում Էստոնիան է լինելու՝ 24 հազար 800 դոլար ցուցանիշով, վերջին հորիզոնականում՝ Տաջիկստանը՝ 910 դոլարով.

Էստոնիա - 24 հազար 800 դոլար

Լիտվա - 20 հազար 350 դոլար

Լատվիա - 19 հազար 100 դոլար

Ռուսաստան - 11 հազար 310 դոլար

Ղազախստան - 9 հազար 670 դոլար

Թուրքմենստան - 8 հազար 990 դոլար

Բելառուս - 6 հազար 740 դոլար

Հայաստան - 4 հազար 760 դոլար

Ադրբեջան - 4 հազար 720 դոլար

Վրաստան - 4 հազար 630 դոլար

Ուկրաինա - 3 հազար 880 դոլար

Մոլդովա - 3 հազար 470 դոլար

Ուզբեկստան - 2 հազար 90 դոլար

Ղրղըզստան - 1 340

Տաջիկստան - 910 դոլար

Նշենք նաև՝ եթե Հայաստանն առաջ է անցելնելու Ադրբեջանից ու Վրաստանից, ապա տակավին զիջելու է Թուրքիային, ուր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2020-ին կկազմի 9 հազար 680 դոլար, և Իրանին, ուր այդ թիվը 5 հազար 500 դոլար է լինելու։

XS
SM
MD
LG