Մատչելիության հղումներ

Մեդիա փորձագետի խոսքով՝ տարածված կեղծ տեղեկությունը կարող էր ՀՀ-ի նկատմամբ թշնամանք հարուցել


Ազգային անվտանգության ծառայությունը չի մանրամասնում, թե ձերբակալված անձն ով է և մասնավորապես Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է կասկածվում:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ ձերբակալել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում Դիանա Հարությունյան անվամբ հանդես եկող մի երիտասարդի, որը հունվարի 3-ին նույն այդ էջում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս տեղեկատվությունը շատ արագ տեղ էր գտել իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում։

«Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին», - հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ շեշտելով՝ քրեական գործ է հարուցված:

ԱԱԾ հրապարակած տեսանյութում Դիանա Հարությունյան անվամբ Ֆեյսբուքում ներկայացած երիտասարդը նշում է, որ չի պատկերացրել, թե իր գրած տեղեկությունը նման ավարտ կունենար. - «Ես չէի պատկերացնում, որ իմ հեղինակած այդ կեղծ հոդվածը կունենա նման լայն տարածում և կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին և ազգային անվտանգությանը: Իմ կողմից նման կեղծ լուրի տարածման համար խորապես զղջում եմ և ներողություն եմ խնդրում»:

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում երիտասարդը շեշտում է՝ անարդար է համարում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը. - «Հարությունյան կեղծանունով էջը ստեղծվել և վարվել է իմ կողմից, որում 2018 թվականից ես տեղադրել եմ քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ տարբեր մեկնաբանություններով: Վերջիններից է այն հոդվածը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իբր թե շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ: Նշվածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ և անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ միջազգային պրակտիկայում ֆեսբուքյան գրառման համար օգտատիրոջը բերման ենթարկելը վատ նախադեպ է համարվում՝ արժանանալով իրավապաշտպանների քննադատությանը: Մյուս կողմից էլ՝ որոշ պետություններ փորձում են պայքարել կեղծ տեղեկատվության դեմ:

«Հայաստանում դա չի կարգավորված որևէ կերպ, այսինքն՝ ցանկացած ոք Հայաստանում իրականում իրավունք ունի ցանկացած անհեթեթություն հրապարակել, կեղծ ինֆորմացիա, և հստակ չի երևում, դրա համար որևէ քրեական ինչ-որ պարտավորություն այս պահի դրությամբ դժվար է գտնել», - նկատեց նա:

Չնայած այն հանգամանքին, որ ԱԱԾ-ն չի հրապարակում, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցել, իրավապահ կառույցի տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունների մասին հոդվածը 226-ն է: Այս հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այդ արարքները կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, պատժվում են ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

Փորձագետ Արթուր Պապյանը շեշտում է՝ ադրբեջանական և իրանական մամուլում տարածված տեղեկությունը կարող էր Հայաստանի նկատմամբ թշնամանք հարուցել: Սակայն, նրա կարծիքով, ամեն անհեթեթություն գրողի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը լուրջ չէ, և արձագանքը պետք է համարժեք լինի. - «Ցանկացած «ֆեյք» ինչ գրի, առանց ստուգված ինֆորմացիայի դնել, վերահրապարակել, դա թշնամանք հարուցելու կհանգեցնի կամ Հայաստանի ազգային անվտանգությանը կվնասի, մի քիչ շատ կասկածելի ու վիճելի թեզ է, և քանի որ վնասի նկատմամբ պահանջը...թերևս անհամարժեք արձագանք կարելի է գնահատել, որ մարդուն դրա համար բերման են ենթարկել, այսինքն՝ ֆեյսբուքյան մեխանիզմը նման դեպքերում ո՞րն է, օրինակ՝ բողոքարկում են, ռեփորթ են տալիս, ասում են, որ սա կեղծ գրառում է, այդ գրառումը հեռացվում է»:

Դիանա Հարությունյան անվամբ նշված ֆեսբուքյան էջն արդեն հասանելի չէ: Արթուր Պապյանի կարծիքով, այս էջի օգտատիրոջ գրառումներից երևում է, որ քաղաքական այլ կողմնորոշում ունի և նրա գրառումները լուրջ լրատվամիջոցները պարզապես չէին հրապարակի:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանի օրենսդրությունը կեղծ տեղեկատվության տարածումը չի արգելում: Դրանից տուժած քաղաքացին կարող է դիմել դատարան՝ իր մասին սուտ տեղեկություն տարածողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԱԾ հաղորդագրությունից անգամ չի երևում, թե օգտատերն իր գրառմամբ ում է վնաս պատճառել, ասում է փորձագետը: Նա ուշադրություն է հրավիրում կեղծ օգտատիրոջ արագ բացահայտմանը: «Ստացվում է, որ անանուն գրառում անողին ԱԱԾ-ն կարող է արագորեն բացահայտել: Սա իր հերթին նշանակում է, որ հանրությունը պետք է առավել մանրամասն տեղեկացվի այս գործի մասին, գոնե հասկանալ է պետք՝ ինչում է մեղադրվում այս երիտասարդը», - կարծիք է հայտնում Սամվել Մարտիրոսյանը։

«Ենթադրում եմ, որ եթե այս գործը գնա ՄԻԵԴ, Հայաստանը կպարտվի։ Երբ որ կա անորոշություն և կա ԱԱԾ, էդ երկուսը միասին արդեն լավ երևույթ չեն։ Էստեղ մեծ հարց է, պետք է միտումն ապացուցվի, էն որ էդ մարդը նստած է միկրոֆոնի մոտ և խոսում է, ընդ որում, ակնհայտ անգիր սովորած տեքստ է ասում, որը ինքը չի գրել, դեռ չի նշանակում, որ կա հստակ չարամիտ միտում, չնայած ենթադրում եմ, որ կա տվյալ դեպքում, բայց էլի եմ ասում՝ շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ երբ որ էս ամեն ինչը քրեականացվում է, շատ արագ սկսվում են ռեպրեսիվ բաներ իրականացվել», - նշեց փորձագետը։

Մարտիրոսյանը չբացառեց հանրության մի մասի այն տեսակետը, որ այս օգտատիրոջ թիկունքում կանգնած են այլ անձինք, ովքեր դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը և հենց այս նպատակով էլ նման տեղեկությունը տարածվել է: Բայց այստեղ հարցն այլ է, ասում է Սամվել Մարտիրոսյանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում պետք է կիրառել տեղեկատվության տարածման գործիքը: Քրեական հետապնդումը խելամիտ չէ։

«Եթե չի եղել շատ բացահայտ վնաս, վնաս չի տվել կոնկրետ մարդկանց և այլն, ինձ թվում է, զուտ վերացական մեղադրանքը, որ հարված է հասցվել երկրի ազգային անվտանգությանը առանց կոնկրետ ինչ-որ հետևանքների, ապա չեմ կարծում, որ խելամիտ է էս ամեն ինչի համար քրեական պատասխանատվություն տալ, որովհետև դառնում է շատ երկակի երևույթ։ Վաղը զուտ ինչ-որ կարծիք հայտնելու համար կարող է ինչ-որ մարդ հայտնվի քրեական պատասխանատվության տակ», - ասաց Մարտիրոսյանը։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այս հարցի վերաբերյալ այսօր «Ազատության» եթերում հայտարարեց՝ այս անձը ակտիվ էջ է վարել նաև ապրիլյան պատերազմի ընթացքում: Ձերբակալված երիտասարդի թիկունքում մեկ անձ չէ, որ թաքնված է, հսկա մարդկային ներուժ է կանգնած նաև շատ այլ ֆեյք էջերի հետևում՝ համոզված է պատգամավորը։

«Կարծում եմ, որ կոնկրետ պատճառը Ձեր մատնանշած անձին բերման ենթարկելու արտաքին սպառնալիք էր իր մեջ պարունակել, իսկ այդպիսիք լինելու են նաև առաջիկայում։ Մենք հասկանում ենք, որ այդ անձը նաև շատ ակտիվ էջ է վարել ապրիլյան պատերազմի ընթացքում և ուշադրության չի արժանացել 2016 թվականին և նրա գործողությունները փաստորեն որևէ ձևով չեն վերահսկվել օրվա Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից», - նշեց Բաբաջանյանը։

XS
SM
MD
LG