Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը


301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և ողջ աշխարհասփյուռ հայությունը նշում է տարվա հոգևոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով, որն արդեն հնչել էր նախապես երեկ երեկոյան նաև՝ Ճրագալույցի պատարագի ավարտին։

Ճրագալույցի պատարագը մատուցվում է տարին միայն 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող երեկոյան, որից հետո հավատացյալները եկեղեցուց Հիսուսի լույսն են տուն տանում և զատկական տոնական ուտեստներ են ճաշակում՝ այսպիսով ավարտելով տոնին նախորդող Պահքի շրջանը։ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող պահքը սկսվել է դեկտեմբերի 30-ին և ավարտվեց երեկ երեկոյան։ Ենթադրվում էր, որ հայ քրիստոնյաները միայն այսօրվանից կարող են հավաքվել ճոխ տոնական սեղանների շուրջ, իսկ Նոր տարվա օրերին միմիայն պասուց կերակրատեսակներ պիտի վայելեյին։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս՝ 2020 թվականին, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության պատարագը Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդը մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում, քանի որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի հիմնանորոգումը դեռ չի ավարտվել։ Ի թիվս հարյուրավոր մեր համաքաղաքացիների Սուրբ Ծննդյան պատարագին այսօր ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։

Իր պատգամում Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց. - «Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

Քրիստոսի Ծնունդը շնորհ է արժևորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչողություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որը զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքը առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը: Եկեղեցու սուրբ հայրերից Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգևոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրսիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG