Մատչելիության հղումներ

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ Ամանորի գիշերը պետական օրհներգի չհնչելը օրենքի խախտում է. Հ1-ը պարզաբանում է ներկայացրել


Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում, 1-ը հունվարի, 2020թ.
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում, 1-ը հունվարի, 2020թ.

Ինչո՞ւ Ամանորի գիշերը չհնչեց Հայաստանի պետական օրհներգը, քննարկումները նախ սոցիալական հարթակում սկսվեցին հենց Ամանորի գիշերվանից սկսած։ Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքով Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները օրհներգը պետք է հեռարձակեին Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո։ Օրենքում շարադրված է հենց այսպես։ Հեռուստադիտողները, սակայն ոչ զարկերը լսեցին, ոչ էլ օրհներգը: Վարչապետի ամանորյա ուղերձին հետևեց Կամո Սեյրանյանի «Զվարթ» նվագը հենց հրապարակից:

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատությանը» կարճ պարզաբանում փոխանցեցին. «Քանի որ առաջին անգամ վարչապետի ուղերձը ուղիղ հեռարձակմամբ հնչել է Հանրապետության հրապարակից, և ելույթին անմիջապես հաջորդել է Հրապարակի տոնական համերգի առաջին համարը, Հանրային հեռուստաընկերությունն այն ցուցադրելուց հետո հեռարձակել է իր տոնական եթերը։ Հիշեցնենք, որ սահմանված կարգով հունվարի 1-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, հեռարձակվել է ՀՀ պետական օրհներգը»։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց՝ օրհներգի չհեռարձակմամբ, այո, օրենք է խախտվել, և տարվա առաջին իսկ աշխատանքային օրն այդ հարցով կզբաղվեն. - «Մենք կսպասենք ամսի 8-ին, չնայած մոնիթորինգի վարչությունն արդեն հանձնարարականը ստացել է և ուսումնասիրում է այդ օրվա ամբողջ եթերը գիշերվա: Այնուամենայնիվ, ամսի 8-ին մենք վարույթ կբացենք ադմինիստրատիվ, կդիմենք և Հանրային հեռուստաընկերությանը, և բոլոր հեռուստաընկերություններին, կհասկանանք պատճառը օրհներգի չհեռարձակման և ըստ դրա արդեն կկարողանանք ավելի առարկայական խոսել, թե ինչ է այդ օրը պատահել եթերում, բայց ես նաև ասեմ, որ նախորդ տարիներին էլ միշտ չի, որ օրհներգն է գնացել եթեր, շատ ժամանակ եղել է կամ Խաչատրյանի վալսը, կամ այլ ստեղծագործություն: Կարծում եմ՝ ավելորդ շահարկումների տեղիք է տալիս այդ փոքր, իմ համոզմամբ, տեխնիկական թերությունը», - ասաց նա:

Տիգրան Հակոբյանը շեշտեց՝ տարիներ շարունակ երկրի առաջին դեմքի ուղերձը տեսագրվել է, և միայն այս անգամ էր այն ուղիղ հեռարձակվում, և հավանաբար այդ վրիպակի անփութության պատճառը գուցե ուղերձի ուղիղ հեռարձակումն է եղել։ Ի դեպ, Հակոբյանը հիշեց տարիներ, երբ օրհներգի փոխարեն Հ1-ով Խաչատրյանի «Դիմակահանդեսն» է հնչել: Ամեն դեպքում էլի շեշտում է՝ խախտվել է օրենք, ու պատրաստվում են ՀԸ-ներից պարզաբանում պահանջել։

Այս հարցն ընդարձակ քաղաքական երանգ ստացավ համացանցում. օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մի փոքր շեղեմ «Բրեգովիչի» երաժշտությունից ազդված իմ համաքաղացիներին մի պարզ հարցով։ Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ «ձվի մեջ մազ եմ» փնտրում, բայց հազար ներողություն ժողովուրդ ջան() ...ինչո՞ւ երեկ ժամը 00:00 չհնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը»:

Այսօր նա ցավով է նշում՝ իր գրառումը քաղաքականացվեց, թեպետ շեշտում է՝ պետական խորհրդանիշ օրհներգի հետ կապված ցանկացած բացթողնման պետք է անդրադառնալ. - «Պետք չի այս իրավիճակը սուր քաղաքականացնել, ամենակարևորը նա է, որ գոյություն ունեն որոշակի պահեր, նյուանսներ, որոնք պետք է, ըստ իս, անպայման անեն: Յուրաքանչյուր պետություն ոչ միայն որոշակի գործողությունների կամ քայլերի համակարգ է, դա նաև սիմվոլիզմ է»:

Նրա այս գրառմանը մի մասն արձագանքել էր, թե վաղուց նման հուզիչ Ամանոր չէր ունեցել, հիշեցրել վարչապետ Փաշինյանի՝ «ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, ձեր բոլոր երազանքներն իմ հոգում են» խոսքերը: Մյուս մասն էլ շեշտել էր, թե իսկապես առանց օրհներգի ամանորյա խորհրդավորություն չկար, ու պատգամավորից ակնկալում էին հետևողականություն այս բացթողնման պատասխանատուներին ի հայտ բերելու գործում: Արման Աբովյանն այսօր՝ օրհներգի չհեռարձակումից 3 օր անց, հարցին ավելի թեթև է նայում. - «Շատ ոչ ադեկվատ արձագանք ստացավ թե՛ գրառումը, թե՛ հարցի քննարկումը: Բացատրեմ, թե ինչու: Դա նրանից է գալիս, որ հասարակությունը գերքաղաքականացված է առհասարակ, և այն մատնանշմանը, որը նշվել էր, այո, 12-ին պետք է լիներ հիմնը, միանգամից տրվեց քաղաքական երանգ: Խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է յուրաքանչյուր դեպքում ավելի ուշադիր լինենք բոլոր այն արարողակարգային պրոցեսներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում»:

Պատգամավորն այնուամենայնիվ շեշտում է՝ օրենքը և օրհներգի սիմվոլիզմն Ամանորի գիշերը պետք է պահպանվեր։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է»,- օրենքն է մեջբերում Արման Աբովյանը։ Նա ասաց նաև՝ հետևողական է եղել և պարզել, թե ինչու այնուամենայնիվ օրհներգը չի հեռարձակվել. «Բացթողում էր, մոռացել են», - ասաց նա։

Ի դեպ, ՀԸ-ներով օրհներգի հեռարձակման պարտադիր պահանջ կա ոչ միայն Ամանորի գիշերը՝ ժամացույցի զարկերից հետո, այլև ամեն օր առավոտյան 6-ին և 24:00-ին:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը շեշտում է՝ կեսգիշերային պահանջը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում, հաճախ հեռուստաընկերությունները, օրինակ, ֆուտբոլային խաղերի ժամանակ միջազգային պայմանագրերով պարտավորություն են ստանձնում չընդհատել խաղը, և ահա խնդիր է առաջանում օրենքի հետ։ Ըստ Հակոբյանի, առաջիկայում մտադիր են 24:00-ի հեռարձակման պահանջը փոխելու առաջարկ ներկայացնել։ Ամանորի գիշերին առաջարկը չի վերաբերելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG