Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2019-ի գլխավոր ձեռքբերումներից է համարում տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը։
«2020 թվականը դիմավորում ենք այն վստահությամբ, որ բիզնեսն այսօր գործում է ազատ, անաչառ մրցակցության և հավասարության պայմաններում: Սա է ձեռներեցության զարգացման անշրջելի երաշխիքը նոր Հայաստանում, որտեղ գործարար ծրագրեր ունեցող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի անկաշկանդ իրագործել իր գաղափարը», - կառավարության ամփոփիչ տեսանյութում պատմում է նախարարը:
Նա հավելում է՝ այս տարի միջազգային մի քանի հեղինակավոր կազմակերպություններ բարելավեցին Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականը, և այդ լավատեսական ազդակը փոխանցվում է մասնավոր հատվածին:
«Դրա ապացույցն է տարին 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճը, որն առաջատարն է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների թվում», - նկատում է նա, ապա հավելում. - «Այս տարի գրանցել ենք գործարար ծրագրերի կառավարության աջակցության ծավալի զգալի աճ, արդյունքում ստեղծվել են նոր կամ ընդլայնվել են արտադրություններ ամենատարբեր ուղղություններով»:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ ինքնազբաղված տնտեսությունները ևս ուշադրության կենտրոնում են պահում, գյուղատնտեսության աջակցության մի շարք ծրագրեր են մշակել կամ կատարելագործել. - «2020 թվականին տնտեսական բարեփոխումները լինելու են ավելի շոշափելի, իսկ դրանց արդյունքները՝ ավելի նկատելի»: