Մատչելիության հղումներ

«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Թումանյանի 150-ամյակի առթիվ հրատարակել է ավելի քան մեկ տասնյակ անուն գիրք


Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանական այս տարում, բացի ամենատարբեր իրադարձություններից՝ նվիրված բանաստեղծի հոբելյանին, չափազանց կարևոր և հետաքրքիր գրքեր լույս տեսան, որոնց մեծ մասը հրատարակվեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ։

Միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ, ի թիվս պետական մի շարք հաստատությունների, իրենց հայրենակցական միությունը իր որոշակի դերն ունեցավ՝ հենց տարեսկզբից նախաձեռնելով հոբելյանական մի շարք միջոցառումների անցկացումը՝ սկսելով բանաստեղծի ծննդյան օրվանից՝ փետրվարի 19-ից։

«Մենք կազմակերպել ենք Թիֆլիսում թիֆլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը խորագրված են «Թումանյանական վայրերով»։ Մենք Թենգիզին գործուղել էինք, նա գնաց, մոտ մեկ ամիս թումանյանական վայրերով՝ և՛ Դսեղում, և՛ Լոռվա ձորում։ Դրանից բացի, նա անցավ Մանգլիս, Ծաղվերի, Կոջորի... անցավ ամբողջ թումանյանական հնարավոր վայրերով, նաև Թիֆլիս քաղաքում։ Եվ մենք այդ ցուցահանդեսը ունեցանք, որը կազմակերպվեց ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում», - փոխանցեց Երիցյանը։

«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հոբելյանական այս տարում փորձել է նաև համախմբել Թումանյանի ժառանգներին. - «Կրկին հրավիրեցինք, տասը տարի հետո, Թումանյանի ժառանգորդներին, որոնք Հայաստանում, ցավոք, չեն ապրում, տարբեր պատճառներով։ Նրանց հրավիրեցինք կրկին գալ Երևան։ Թումանյանի տասնյոթ ժառանգներ՝ երկու թոռներ, ծոռներ, ծոռների, այսպես կոչված, ժառանգորդներ, նրանք եկան Հայաստան, և մենք սեպտեմբերին անցկացրինք «Թումանյանական օրեր» Դսեղում։ Բնականաբար նրանք, եկան այս թանգարան [Երևանում Հովհ. Թումանյանի տուն-թանգարան], մեկ օր այստեղ անցկացրին, հետաքրքիր հանդիպումներ ունեցան։ Եկան տուն։ Ինչպես իրենք էին ասում՝ իրենց տուն վերադարձան»։

Ամենակարևորը, իհարկե, ասում էր Սերգո Երիցյանը, գրքերի հրատարակությունն էր. - «Մոտ տասը գիրք ենք նախաձեռնել տարբեր հովանավորների միջոցով՝ Թումանյանի հանտընտիր՝ հայերեն և ռուսերեն լեզվով, թումանյանական հոբելյանական հրատարակություն՝ հայերեն լեզվով, «Որբերը և Թումանյանը» Սուսաննա Հովհաննիսյանի, նաև հրատարակեցինք «Թումանյանի կանանք», «Թումանյանը՝ քննադատ», մանկական գրքեր։ Գառնիկ Շախկյանը գիրք էր գրել՝ «Թումանյանական հանրագիտակ»։ Թումանյանի ողջ տոհմը՝ սկզբնավորումից մինչև մեր օրը, և ստեղծագործական որոշակի վերլուծություններ»։

Իհարկե, յուրաքանչյուր նոր հրատարակված գիրք առիթ է դառնում նաև շնորհանդեսի, քննարկման. - «Մենք փորձեցինք քննարկումների միջոցով թումանյանական ոգին, նրա ստեղծագործական ժառանգության արձագանքները անընդհատ ունենալ, պահպանել։ Եվ մենք շարունակելու ենք նաև հաջորդ տարի։ Բազմաթիվ առաջարկություններ կան։ Մենք այդ ժառանգությունը կրկին ու կրկին արժեվորելու, հասկանալու և սերունդներին փոխանցելու խնդիր ունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG