Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց սթարթափները և ստանալով պետական ֆինանսավորում:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: Վարչապետը նշել է, որ ծրագիրը բխում է ՀՀ կառավարության՝ մեր երկրի և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին տեսլականից և սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատկերացումներից, այն է՝ Հայաստանը պետք է ոչ միայն կարոտել, այլև այցելել հայրենիք, աշխատել այստեղ, ստեղծել, հարստանալ և հարստացնել: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է «Ներուժ»-ի հաղթողների փորձը տեխնոլոգիական ոլորտում և հաջողություններ մաղթել նրանց՝ հայրենիքում հետագա գործունեության մեջ:
«Ներուժ»-ի հաղթողները շնորհակալություն են հայտնել վարչապետին շնորհավորանքի համար և ներկայացրել իրենց նախաձեռնած սթարթափները, որոնք նախատեսում են տեղայնացնել Հայաստանում: 2019թ. «Ներուժ»-ի հաղթող ճանաչված գաղափարները վերաբերում են գյուղատնտեսության, աղբահանության, սպորտի, ծառայությունների ոլորտների զարգացման և բարելավման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը: