Վարչապետը ստորագրել է որոշում Գևորգ Լոռեցյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: