Մատչելիության հղումներ

Վարչապետը զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին խոստացավ օբյեկտիվ քննություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց մոտ մեկ ամիս առաջ բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ: Վարչապետն ընդգծեց՝ ամեն ինչ կանեն, որ քննությունն օբյեկտիվ լինի։

«Էսի անում ենք, որ սենց դեպքեր չկրկնվեն», - ասաց Աջամյանի պապիկը:

«Որ ասում եք չկրկնվի...որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել, արժանապատվության աղավաղված զգացում ունենալ, մարդու կյանքը չգնահատել: Բա էտ որ փողոցներում, այսպես ասած, «գողականներին» օրինակ ենք ցույց տալիս, որպես լավ օրինակ, բա հետո չե՞նք մտածում, թե այդ երեխեքի կյանքում դա ոնց է արտահայտվելու», - արձագանքեց վարչապետը:

Փաշինյանը հանձնարարեց իր օգնականին նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկանք պատրաստել, որին ծանոթանալուց հետո այն կփոխանցեն հարազատներին. - «Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ մենք չենք կարողացել դեռևս ձեր ասած, բարձրացրած խնդիրը լուծել, որպեսզի մենք այսօր այս իրավիճակի առաջ չլինենք», - ասաց վարչապետը:

21-ամյա Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Իսկ նրա ծառայակից, 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է: Նրա վիճակն այս պահին էլ շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, զինվորն անգիտակից վիճակում է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու հոդվածով։

Արթուր Աջամյանը մահից մեկ օր առաջ հարազատների հետ խոսել է, ծառայությունից չի դժգոհել։

Զինվորի հարազատներն այսօր վաղ առավոտից կառավարության շենքի առջև էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարազատները ցանկանում էին պարզաբանումներ ստանալ, թե ինչի հետևանքով է մահացել զինվորը. - «Դիահերձման ժամանակ երեխու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերել, տարբեր մասերում, որդո՞ւց, այդ հետքերը որդո՞ւց, եթե քննություն ա էթում, մինչև հիմա քննչական մարմինները մեզ չեն տեղեկացնում, դաժե զանգում ենք, ժամանակ ա լինում, զանգերին էլ չեն բարեհաճում պատասխանել, բա մենք ո՞նց վստահենք, ո՞նց հավատանք»:

Զինվորի մայրն էլ ասում է. - «Իմ երեխեն 11 ամիս ծառայում էր, զանգերից խոսելուց ասում էր՝ լավ եմ։ Ինչի՞ համար իմ երեխուն սպանեցին»։

Զոհված զինծառայողի հարազատները պնդում են, թե սպանության հանգամանքները կոծկվում են։ Նրանք այսօր որպես բողոքի նշան փողոց փակեցին, սակայն ոստիկանները ֆիզիկական ուժի կիրառմամբ բացեցին ճանապարհը։

Դեռ դեկտեմբերի 4-ին հարազատները Ազգային ժողովի առջև էին իրենց բողոքի ձայնը բարձրացրել: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այդ օրը հարազատների պահանջը լսելուց հետո վերադարձել էր իր աշխատասենյակ, հարցը Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ քննարկելուց հետո վերադարձել ու խոստացել էր՝ «այս գործը մութ էջեր չի ունենա»։ Հարազատներն այսօր բողոքում էին նաև, որ այդ օրվանից հետո իրենք գործից պարզաբանումներ չեն ստացել. - «Անդրանիկ Քոչարյանն ինձի փափուկ բարձ դրեց գլխիս, ասեց՝ տիկին ջան, դու գնա քո երեխու արարողությունը արա, հանձնի հողին, ես քո հետ կայնած եմ, քո երեխու վիշտը կանեմ, էտ էլ չարեց, ու հիմա զանգում եմ, Անդրանիկ Քոչարյանն իմ զանգերին չի պատասխանում»:

Անդրանիկ Քոչարյանն այսօր կրկին անդրադարձավ այս դեպքին. - «Այն խոստումները, որ ես տվել եմ իրենց հարազատներին՝ քննությունն ամբողջությամբ օբյեկտիվ իրականացնելու և իրենց կողքը լինելու, դա շարունակական է և այսօր էլ շարունակվելու է », - նկատեց նա։

XS
SM
MD
LG