Մատչելիության հղումներ

Վրաստանը, ըստ երկրի նախագահի, խնդրահարույց սահմաններ ունի նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այս մասին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում երեքշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` հերթական աղմկալի սկանդալի պատճառ դառնալով:

«Նախ պետք է հստակեցնել մեր սահմանները, ապա դրանք պաշտպանել: Մենք խնդրահարույց սահմաններ ունենք ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Նախկինում այդ երկրների հետ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներ էին գործում: Հետագայում, սակայն, դրանք ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են աշխատանքը», - պնդում էր Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը երեկ իսկական ներքաղաքական փոթորիկ էր առաջացրել: Վրացական ընդդիմության առաջնորդների համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի հետ Աբխազիան և Հարավային Օսիան նույն հարթության վրա դիտարկելով` երկրի նախագահը անուղղակիորեն ճանաչել է վերջինների անկախությունը:

Առաջիններից մեկն այս մասին հայտարարեց «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:

«Վրաստանը ոչ Աբխազիայի և ոչ էլ Ցխինվալիի տարածաշրջանի հետ սահմաններ չունի: Գուցե տիկին նախագահը տեղյակ չէ, որ Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը Վրաստանի անքակտելի մասն են կազմում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են: Ինչպե՞ս կարելի է հայտարարել սեփական տարածք համարվող շրջանների հետ պետական սահման ունենալու մասին», - տարակուսում էր Բաքրաձեն` հեգնելով, թե նախագահի աշխատակազմն այս անգամ էլ թերևս Զուրաբիշվիլիի սկանդալային հայտարարությունները բացատրի նրա` վրացերենի վատ իմացությամբ:

«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդը նաև պահանջում էր, որպեսզի իշխանության իրական լծակներին տիրապետող կառավարությունը հայտարարի, որ առավելապես արարողակարգային գործառույթներ ունեցող նախագահի հայտարարությունները չեն արտացոլում Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը: Բաքրաձեի համոզմամբ, ի դեպ, Զուրաբիշվիլիի գործունեության ընթացքում արձանագրված գլխավոր խնդիրը նրա կողմից Ռուսաստանի դիրքորոշումներին շատ մոտ տեսակետներ արտահայտելն է:

«Նախագահի գործողությունները լրջորեն ոտնահարում են Վրաստանի շահերը: Ռուսաստանը, աշխատելով օկուպացված տարածքների միջազգային ճանաչման ուղղությամբ, երկու հիմնական կռվան է հնչեցնում: Առաջինը, թե իբր Վրաստանն ագրեսոր է և հենց վրացական կողմն է սկսել 2008-ի պատերազմը: Զուրաբիշվիլին նախկինում բազմիցս հանդես է եկել նման հայտարարություններով: Երկրորդ ռուսական պնդումը, թե կարևորը ոչ թե միջազգային իրավունքի նորմերն են, այլ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի նույնպիսի անկախ հարևաններն են, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Դա այն է, ինչի մասին երեկ փաստորեն հայտարարեց Զուրաբիշվիլին», - նշում էր Բաքրաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG