Մատչելիության հղումներ

«Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» նոր ցուցահանդեսը՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում


Armenia- "Armenian epic. From Speech to Image, New Exhibition at Ara Sargsyan and Hakob Kojoyan House-Museum,undated
Armenia- "Armenian epic. From Speech to Image, New Exhibition at Ara Sargsyan and Hakob Kojoyan House-Museum,undated

Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկինի 70 հասցեում են բնակվել մեր լավագույն արվեստագետներից քանդակագործ Արա Սարգսյանն ու գեղանկարիչ Հակոբ Կոջոյանը։ Նրանց մահվանից հետո երկհարկանի գողտրիկ այս տունը վերածվել է նրանց անունը կրող տուն- թանգարանի, որը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է։

Այնտեղ մշտապես ուշագրավ ցուցահանդեսներ են բացվում, և ահա օրերս էլ, մասնավորապես Հակոբ Կոջոյանի թանգարանային հատվածում մի շատ հետաքրքիր ցուցահանդես բացվեց, որտեղ ներկայացված են Հայ ազգային էպոսին նվիրված 20-րդ դարի մեր լավագույն գեղանկարիչների ստեղծագործությունները։

«Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» խորագիրը կրող ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել էպոսի թեմաներով ստեղծված արվեստի գործերին, չէ՞ որ այսօր քչերն են տեղյակ, թե հենց Հակոբ Կոջոյանն անձամբ ինչ հրաշալի նկարազարդումներ է արել դեռ էպոսի 1000-ամյակին նվիրված հոբելյանական, 60 պատումներից բաղկացած համահավաք հրատարակության համար 1939 թվականին։ Իսկ Երևանում այդ տարի էպոսի ստեղծման 1000-ամյակի հոբելյանական միջոցառումները, նաև էպոսի համահավաքի հրատարակությունը նախաձեռնել և կազմակերպել է աշխարահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին իր ժամանակի լավագույն այլ գիտնականների հետ միասին։ Հիմա էլ ահա այս ցուցահանդեսում նաև ներկայացված են Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների թանգարանից ցուցադրանմուշներ։

Ներկայացված են նաև Հայաստանի ազգային պատկերասրահից, Պատմության թանգարանից բերված բազմաթիվ ստեղծագործություններ՝ յուղաներկ ու գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, որոնցից յուրաքանչյուրն իրենից նախ և առաջ ճանաչողական արժեք է ներկայացնում, ինչպես և ճանաչողական իրական նշանակություն ունի այս ցուցահանդեսն ամբողջովին։ 1939 թվականին էլ է էպոսին նվիրված ցուցահանդես բացվել, և ահա Ազգային պատկերասրահի տնօրինությունը որոշել է էպոսի ստեղծման 1000-մյակի հոբելյանական տոնակատարություններից 80 տարի անց կրկին ներկայացնել այն աշխատանքները, որոնք ցուցադրվել են 1939 թվականին։

Ցուցահանդեսի համադրող-արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող Զարուհի Դիլանյանի խոսքով՝ մեր լավագույն գեղանկարիչներից Հակոբ Կոջոյանն այնպիսի նկարազարդումներ է արել էպոսի համահավաք հրատարակության համար, որոնք կանցնեն դարերի միջով ու կհիացնեն բոլորին, ցավոք այսօր քչերը գիտեն ոչ միայն այդ մասին, այլև մեր այն գեղանկարիչների մասին, որոնց աշխատանքները ներկայացված են այս ցուցահանդեսում։

«Այսօր այս ցուցահանդեսում դուք հնարավորություն ունեք տեսնելու Սեդրակ Ռաշմաճյանի, Սարգիս Ալեքսանյանի և Երվանդ Քոչարի նկարազարդումները, որոնք բոլորը միմյանցից տարբերվում են իրենց գեղարվեստական ոճով, սակայն բոլորին միավորում է միևնույն գաղափարը՝ դյուցազնավեպին էպիկական շունչ հաղորդելու: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հովսեփ Օրբելու տուն-թանգարանից բերված արխիվային նյութերը, տարբեր թվականներին լույս տեսած էպոսի հրատարակումները, առանձնատիպեր, կլիշեներ: Համագործակցություն է եղել նաև Պատմության թանգարանի հետ, որտեղից բերվել է Սեդրակ Առաքելյանի մեծադիր կտավը Զարգարյանների ընտանիքի հետ, և այս գործերն, ուզում եմ նշել, որ ցուցադրվել են 1939 թվականին էպոսի 1000-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում, որի համադրողն է եղել կրկին Հովսեփ Օրբելին: 1000-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Լենինգրադի Լոմոնոսովի գործարանում պատվիրվել են հախճապակե իրեր՝ գավաթներ, սկուտեղներ՝ պատկերազարդված էպոսի դրվագներով, և Հովսեփ Օրբելու շնորհիվ Հայաստանի ազգային պատկերասրաֆի ֆոնդապահոցները ահմալրվել են այդ աշխատանքներով, և այսօր այստեղ մենք ձեզ ներկայացնում ենք այդ սկուտեղներից երկուսը», - ներկայացրեց նա:

Ուշագրավ է նաև, որ 80 տարի առաջ այդ օրերին հոբելյանական տոնակատարություններից անմասն չեն մնացել նաև կոմպոզիտորները՝ գրել են օպերաներ և էպոսին նվիրված երաժշտական այլ ստեղծագործություններ, օրինակ՝ «Խանդութ» օպերան, «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան, որի բեմական նկարազարդումները ևս Հակոբ Կոջոյանինն են, և ահա ցուցահանդեսի բացմանը կոնսերվատորիայի երաժիշտների կատարմամբ հնչեցին նաև հատվածներ այդ օպերայից։

Հավելենք նաև, որ տարիներ շարունակ անընդմեջ խոսվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի վերանորոգման մասին, որը, թանգարանի վարիչ Աննա Սարգսյանի խոսքով՝ գուցե կնպաստի, որ այս թանգարանն ի վերջո հանրահռչակվի, որովհետև, ասում է, շատերն անգամ այս թանգարանի տեղը չգիտեն, և իրենց հատկապես այս վերջին երկու տարվա անդուլ ջանքերից հետո, վերջապես, հաջողվեց պետության հովանու ներքո կազմակերպել այս թանգարանի հիմնանորոգումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG