Գալիք տարի Եվրամիությունը կարող է աննախադեպ՝ 150 միլիոն եվրո աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ այսօր «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում։
«Եվրամիությունը հաջորդ տարի արդեն 150 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրելու։ Սա աննախադեպ քայլ է և այս առումով մենք շատ կարևորում ենք մեր հարաբերությունների և՛ ներկա դինամիկան, և՛ հաջորդ տարվա սպասելիք զարգացումները։ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության պրոցեսին և զարգացումներին մեր միջազգային գործընկերները շատ դրական են արձագանքում, և սա նաև խոսում է հարաբերությունների մակարդակի մասին», - ասաց Գրիգորյանը։
«Ազատության» հարցին՝ այսինքն մեկ տարվա ընթացքում 150 միլիոն եվրո օգնություն մյուս տարի Եվրամիությունը տրամադրելո՞ւ է Հայաստանին, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Բանակցություններ են ընթանում։ Ես համոզված եմ, որ արդեն մենք հասնելու են դրան»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ 2019 թվականին Հայաստանն աննախադեպ ծավալի սպառազինություն է ձեռք բերել և լայնածավալ սպառազինություն ձեռք բերելու նոր պայմանավորվածություններ են կայացվել։
Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց։
«Հայաստանը աննախադեպ քանակի զենք է ձեռք բերել 2019 թվականին և մենք մեծ ներդրումներ ենք կատարել այս ուղղությամբ՝ զենք ձեռք բերելու և նույնիսկ լայնածավալ նոր զենք ձեռք բերելու պայմանավորվածություններ ենք ունեցել։ 2019-ը եղել է աննախադեպ զենք ձեռք բերելու տարի և մենք նաև մեր առջև խնդիր ենք դրել, որ փակենք 80-ականների զենքով կռվելու ընդհանուր էդ փիլիսոփայության էջը մեր պատմության մեջ։ Իհարկե, դեռ ամբողջությամբ չենք հասել դրան, որ փակենք այդ էջն ամբողջությամբ, բայց ես համոզված եմ՝ մոտակա տարիներին մենք ամբողջությամբ փակելու ենք կարևորը այդ ուղղությամբ ենք շարժվում։
Ինչ վերաբերում է հարաբերություններին, կարծում եմ՝ մակրոմակարդակում շատ լավ է և հենց 2019 թվականի ընթացքում էլ մակրոմակարդակում շատ լավ է եղել, միայն մի ցուցանիշ ասեմ՝ 2017 թվականի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև եղել է 1,7 միլիարդ դոլար, 2019 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում 1,7 միլիարդ դոլարից մի քիչ ավելի էր արդեն։ Այսինքն՝ սովետական, էսպես ասած, բառապաշարով ասած 5-ամյակը մենք երեք տարում ենք փակել պատկերավոր ասած, երեքից մի քիչ ավելի։ Այս առումով կարամ ասեմ մակրոմակարդակում և նաև միկրոմակարդակում էլ որոշակի խնդիրներ եղել են, և կարող եմ ասել՝ էդ խնդիրների մեծ մասն ավելի շատ մեդիայի և Fake news-ի արդյունք էր, որովհետև մինչև հոկտեմբեր ամբողջ հայկական մեդիան թմբկահարում էր, որ Վլադիմիր Պուտինն, օրինակ, Հայաստան չի այցելելու, թմբկահարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում, բայց պարզվում է, որ 2019-ին աննախադեպ քանակի զենք ենք ձեռք բերել։
Շատ դեպքերում դժվար է, երբ որ դու բանակցում ես կամ զենքը ճանապարհին է, հո չես հայտարարելու, շատ դեպքերում նույնիսկ քանակի մասին չենք ասում։ ՏՈՐ-երի մասին հայտարարելուց մենք քանակի մասին որևիցե բան չենք ասել և ՏՈՐ-ի մասով մենք շուտով նաև բանակցությունների ընթացքում նոր այլ զենքեր էլ ենք ձեռք բերել Ռուսաստանից։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի էն դինամիկան զարգացումների, որ կա մենք կարող ենք ֆիքսել, որ առաջընթաց է և տարվա սկզբին, եթե խնդիրներ եղել են, ապա տարվա վերջ կարող ենք ֆիքսել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2018-ի մայիսից նայելու տեսանկյունից իդեալական վիճակում են», - ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.