Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցով եռակողմ շփման խմբի մասնակիցները պայմանավորվել են մինչև տարեվերջ գերիների նոր փոխանակում իրականացնել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, լուրը հաստատել է նաև ԵԱՀԿ-ն:
Բանակցություններն անցկացվել են տեսակապի միջոցով:
Մինչև 2019 թվականի վերջը գերիների փոխանակման և Դոնբասում հրադադարի շուրջ պայմանավորվել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Վլադիմիր Պուտինը «Նորմանդյան ձևաչափով» Փարիզում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
Կիևի և Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականների միջև վերջին անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել 2017 թվականի դեկտեմբերին, իսկ այս տարվա սեպտեմբերին Ուկրաինան և Ռուսաստանը ազատ են արձակել 35 հոգու՝ յուրաքանչյուր կողմից: