Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա վերջին՝ ամփոփիչ համերգը, որի մենակատարն է աշխարհահռչակ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին։
Դաշնակահարուհին առաջին անգամ է Հայաստանում, և այս երեկո մեր երաժշտասերները կարող են ունկնդրել համաշխարհային դասական նվագացանկի դաշնամուրային լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ երկու կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում էլ կհնչի Ռիմսկի Կորսակովի հանրահայտ «Շահրազադե» ստեղծագործությունը։
Հարկ է նշել, որ տարվա ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգային, նաև փառատոնային լայնածավալ ծրագիր է իրականացրել՝ մեր երաժշտասեր հանրությանը հրաշալի համերգներ մատուցելով աշխարհահռչակ մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ։ 2020 թվականն էլ կնշանավորվի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով:
Կեսօրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Թոփչյանը, ամփոփելով տարվա ընթացքում նվագախմբի կատարած ստեղծագործական աշխատանքը, շեշտեց, որ ձգտելու են հասնել բարձրագույն մակարդակի։
«Ես գլխավոր նպատակն ունեմ, որ դարձել է իմ կյանքի վերջին տարիների նպատակը: Կոտրվում եմ, հուսահատվում եմ, մի պահ նորից ոգևորվում եմ, բայց իմ նպատակը՝ ես ուզում եմ այս օրկեստրը տեսնել աշխարհի լավագույն օրկեստրների մեջ, ու իրոք եթե մենք հիմա թիկունք ունենանք, այդ ժամանակը շատ ու շատ մոտիկ է: Քայլում ենք, մոտենում ենք, ձգտում ենք, աշխատում ենք: Ինչքան կարևոր կլինի նաև մեր պետության ու ինքնության համար: Պետությունը շատ բան անում է, շատ բան էլ դեռ կարող է անել: Այսքան տարի ո՞վ է պահել նվագախումբը, ինքը 95 տարեկան նվագախումբ է, եթե պետությունն այսպես կամ այնպես չաջակցեր, ինքը գոյություն չէր ունենա, ես երբեք չեմ ուրացել այն, ինչ անում են: Առանց պետության այսպիսի նվագախումբ չի լինում: Ես բոլորի հետ եմ խոսել, նախարարի հետ էլ եմ խոսել, վարչապետին էլ եմ խնդրել, մի քիչ ուրիշ պայմաններ էլ պիտի լինեն, որ ավելի աճի, բայց ուրանալ այն, ինչ որ պետությունն անում է, «Իմ քայլն» անում է, ինչ առաջ են արել, երբեք չի կարելի», - հայտարարեց նա:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ սա հստակ ուղերձ է եվրոպական քաղաքակրթությանն ու իրականությանը, որ մենք եվրոպական արժեքները կրող, տարածող ժողովուրդ ենք: «Ոչ թե պիտի զարմացնենք Եվրոպային, մենք զարմացնելու խնդիր չունենք, զարմացնելու ձգտումը գավառական ձգտում է: Մենք ուզում ենք խոսել նույն լեզվով և հենց դա ենք ասելու, որ մենք նույն տրամաբանության մեջ ենք գոյատևում», - հավելեց նա:
Այսօրվա համերգից անմիջապես հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեկնում է Չինաստան, որտեղ 9 քաղաքներում երկշաբաթյա հյուրախաղերի ընթացքում հանդես կգա առնվազն 10 համերգով։ Ծրագրում, ի թիվս համաշխարհային այլ անունների, կհնչեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Պետական աջակցությամբ անցկացվող այս հյուրախաղերը կամփոփվեն հունվարի 9-ին Չինաստանի մայրաքաղաքում կայանալիք համերգով։
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ նվագախմբի այս առաջին հյուրախաղերը Չինաստանում չափազանց կարևոր դեր կարող են ունենալ մշակութային դիվանագիտության ասպարեզում։
«Այս շրջագայությունն ունի բացառիկ կարևորություն: Գաղտնիք չէ, թե մշակութային դիվանագիտությունն ինչ հզոր զենք է յուրաքանչյուր պետության համար, առավել ևս այնպիսի կոլեկտիվի միջոցով, որը համարվում է մեր մշակութային ամենաբարձր կարգի կոլեկտիվներից մեկն իր գործունեությամբ, իր որակով: Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ մեկնարկ ու խթան է լինելու հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման տեսակետից, և մյուս տարի մենք ունենք նաև Հայաստանի մշակույթի օրեր Չինաստանում: Ըստ էության մենք կարող ենք համարել այդ օրերի փայլուն մեկնարկը հենց այս շրջագայությունը», - եզրափակեց նա: