Մատչելիության հղումներ

«Գյումրին պետք է հաջորդ տարի պահի տուրիստների հոսքը». Սամվել Բալասանյանն ամփոփեց տարին


Գյումրին այս տարի հայտնվել էր ուշադրության կենտրոնում: Աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքում տուրիստական բավականին մեծ հոսք արձանագրվեց՝ թանգարաններում նույնիսկ հերթեր էին գոյանում: Դրան նպաստեց մի քանի հանգամանք. նախ վարչապետն անձամբ շրջեց Գյումրիում ու բոլորին հրավիրեց տեսնելու Գյումրիի պատմական միջուկը: Նաև մի շարք համապետական միջոցառումներ անցկացվեցին երկրորդ քաղաքում, ամենակարևորը՝ Անկախության օրվա գլխավոր միջոցառման էր:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամփոփելով տարին արձանագրեց, որ Գյումրին պետք է հաջորդ տարի պահի տուրիստների հոսքը դրա համար նախատեսում են վերակառուցել քաղաքի կենտրոնում գտնվող երկու շատրվանները ու վերանորոգել Սլաբոտկա թաղամասի փողոցները:

«Տնտեսված գումարի հաշվին նախևառաջ արդիականացնենք մեր շատրվանը հրապարակի, բացի դրանից եկեղեցու հետևի շատրվանը նույնպես վերականգնել, նոր Համաշխարհային բանկով ուզում ենք վերականգնել շինարարական մասը, մնացած մասը նորից տնտեսված գումարներով ունենանք երկու գեղեցիկ շատրվաններ քաղաքի հենց կենտրոնում, հենց սրտի մեջ։ Մանրաքարերով շարել հրապարակը, նաև Ջիվանի հրապարակը, բոլոր էն փողոցները, որոնք ինչ-որ կա մեկը ասֆալտ է, մեկը՝ մանրաքար նորից վերափոխել, լուսավորել», - ասաց Բալասանյանը։

Տուրիստական հոսքը իր հետ նաև ներդրումներ բերեց, նկատեց քաղաքապետը, ու թեև հստակ թվեր չներկայացրեց, բայց ասաց, որ բավականին մեծ թվով շինարարական թույլտվություններ են տվել:

«Ե՛վ հյուրատներ կա, և՛ հյուրանոցներ կա, և՛ ռեստորան կա, և՛ սրճարան կա, հուշանվերի խանութ կա, զարմանալի է ճիշտն ասած», - նշեց Սամվել Բալասանյանը։

Դեռ չի կարգավորվել Իսրայելի առևտրարադյունաբերական պալատի նախագահի նախաձեռնությամբ Գյումրիում Լոգիստիկ կենտրոնի կառուցման հարցը: Հողհատկացում եղել է, սակայն ուշանում է ազատ տնտեսական գոտու պայմանագիրը:

«Պետությունը պետք է հիմա պայմանագիր կազմի համապատասխան կազմակերպության հետ, մենք հուշագիրը ստորագրել ենք, հետո կգան էստեղ վերջնական արդեն պետության չափորոշիչներով մենք պայմանագիր կկազմենք, և իրենք կսկսեն իրենց շինարարական աշխատանքները։ Մի 2-3 ամիս ինչ-որ ձգձգվում է, օրենսդրական խնդիր կա», - ասաց Գյումրիի քաղաքապետը։

Մի քանի ծրագրեր կան, որոնց մասին ձեռնպահ մնաց բարձրաձայնել. «Երբ արդեն վերջնական լինեն, նոր կխոսեմ», - ասաց Բալասանյանը:

Նորակառույց ավտոմաքսատան տարածքում շատ արագ սկսեց բիզնես միջավայր ձևավորվել: Տարածքում, ըստ համայնքի ղեկավարի, անօրինական տնակներ են տեղադրել՝ փորձելով բիզնես հիմնել: Բալասանյանն ասում է՝ այսպես ասած, շուստրիներն՝ իրենք իրենց համար գլխացավանք են ստեղծում:

«Իմաստը ո՞րն է, էդ շուստրիության իմաստը ո՞ւր մնաց։ Եղան էդպիսի շուստրիներ, հիմա էդ շուստրիների բոլոր գործերը գտնվում են դատական պրոցեսում։ Հայտարարում եմ՝ ես հետաքրքրություն չունեմ որևէ հող գնելու, որևէ շենք գնելու, ես չեմ ունեցել էս 7 տարիների ընթացքում, բայց մարդիկ կան, որ ունեն։ ինչո՞ւ չէ, բիզնես է, թող անեն, թող գնեն, բայց դա լինի օրենքի սահմաններում, որևէ մեկն արտոնյալ չի մեր երկրում, մեր քաղաքում, չկան արտոնյալ մարդիկ, վերջացել են», - ընդգծեց քաղաքապետը։

Գյումրիի քաղաքային զբոսայգու հետ կապված էլ քրեական գործ կա հարուցված: Բանն այն է, որ քաղաքապետարանը այգին հատկացրել է «Թումո»-ին, որի նոր շենքը այդ տարածքում է և ապրիլին ըստ ամենայնի կշահագործվի: «Թումո»-ն դիմել է իրավապահներին, քանի որ այգու տարածքում գործում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Օազիս» ռեստորանը: Ավելին՝ շրջանառվեց մի փաստաթուղթ, ըստ որի, այգին 99 տարի ժամկետով օտարվել է նախկին քաղաքապետի հարազատ եղբորը պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ին: Սամվել Բալասանյանն այսօր հայտարարեց, որ իրենք օտարելու փաստաթուղթ չունեն:

«Չկա էդպիսի բան, էդ միֆ է, էդպիսի բան չի եղել, էդ ասվել է երևի նրա համար, որպեսզի ինչ-որ գումարներ չմուծեն։ «Ամբերդը» կա, որ ինչ-որ ատրակցիոններ ունի տեղադրած հողատարածքների վրա ընդամենը էսքանը, այգին ընդհանրապես չի մտել որևէ վարձակալական, չգիտես ինչ-որ հիմունքների 99 տարի, չկա այդպիսի բան», - ասաց նա։

Անցնող տարի ճանապարհաշինական առումով ևս հաջողված է համարում քաղաքապետը: Միայն Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրով 12 կմ ճանապարհ է հիմնանորոգվել։ Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի ճանապարհ կառուցեց, պետական բյուջեն էլ համայնքի համաֆինանսավորմամբ 1 մլրդ դրամից ավելի գումարով ճանապարհ հիմնանորոգեց, նաև տեխնիկա ձեռք բերվեց:

Հաջորդ տարի ճանապարհաշինության համար կառավարության հաստատված ծրագրով 9 մլրդ դրամից ավելի գումար կտրամադրվի Գյումրին:

Գլխավոր խնդիրը մնում է անօթևանությունը: Կառավարությունը հաշվառել է տանկ առ տնակ: Տնակների ապամոնտաժման գործընթացը սկսելու են փակ տնակներից, հիմա օրենսդրական հարցն են կարգավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG