Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Իկար» ընկերությունից դիմում չի ստացել Ղրիմ-Երևան ուղիթ չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը։
Ռուսաստանի օդային տրանսպորտի գործակալության կայքում հրապարակված փաստաթղթում երևում է, որ ռուսական կողմը թույլտվություն տվել է Սիմֆերոպոլ-Երևան թռիչքների համար։
Ստեփան Փայասլյանի խոսքով՝ այն, որ ռուսական կողմն արդեն թույլտվություն տվել է «Իկար» ընկերությանը, որն ավելի հայտնի է Pegas Fly ապրանքանշանով, չի նշանակում, որ հնարավոր է ընկերությունը դիմի հայկական կողմին։
«Բազմաթիվ են ռուսական ընկերությունները, որոնք տարբեր ուղղություններով ստանում են նման տիպի թույլտվություններ, բայց դրանից հետո չեն ներկայացնում համապատասխան հայտերը։ Իսկ մինչև հայտ ներկայացնելը, ամեն մի կանոնավոր չվերթի համար հայկական կողմը դիվանագիտական ուղիներով Ռուսաստանի կողմից ստանում է այդ նշանակումը հավաստող դիվանագիտական նոտա, որից հետո նոր սկսվում է հայտի ներկայացման փուլը», - նշեց Փայասլյանը։